Որ պատահական մարդիկ չդառնան հանքատեր

Որ պատահական մարդիկ չդառնան հանքատեր
ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը մեկն է այն եզակի հայ կանանցից, ով կայացած բիզնես ունի Հայաստանում: Ճիշտ է՝ այդ բիզնեսը տիկին Նաղդալյանը զուգահեռել է պատգամավորական աշխատանքի հետ:



Ի թիվս այլ բիզնեսների՝ նրան է պատկանում նաեւ Սիսիանի բազալտի հանքը: ԱԺ վերջին քառօրյայում կառավարությունն  օրակարգից հանեց «Ընդերքի մասին» իր իսկ նախաձեռնած օրինագիծը, որով փոփոխություններ են առաջարկվում հանքարդյունաբերության ոլորտում: Նշենք՝ ըստ որոշ տեղեկությունների, Հայաստանի այս ոլորտի հետ են առնչվում որոշ ներկա ու նախկին բարձր պաշտոնյաների շահեր: ԱԺ-ում կազմակերպված օրենսգրքի լսումների ժամանակ բավական ակտիվ էր ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը: Ներկայացնում ենք մեր զրույցը կին պատգամավորի հետ:



- Տիկին Նաղդալյան, Ձեր հետաքրքրությունը հանքային ոլորտի հետ կապված՝ պայմանավորվա՞ծ է այն հանգամանքով, որ Դուք եւս հանք ունեք:



- Իմ հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ ես ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամ եմ եւ շահագրգիռ եմ ՀՀ տնտեսական զարգացմամբ:



- Տեղեկություններ կան, որ Դուք Քաջարանի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի հետ նոր բիզնես ունեք՝ հանքային: Ճի՞շտ են դրանք:



- Չէ, Ձեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:



- Միգուցե պատրաստվո՞ւմ եք ունենալ:



- Ոչ, չեմ պատրաստվում: Ես հանքերի հետ կապված բիզնես ունեմ, բայց դա Մաքսիմ Հակոբյանի հետ ի՞նչ կապ ունի, որեւէ ընդհանուր բան նրա հետ չունեմ բացարձակ: Մաքսիմ Հակոբյանի հետ որեւէ կապ չունի: ...Իմ շահագրգռվածությունը ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամի վերաբերմունք է կոնկրետ օրինագծին, որը ես շատ կարեւոր եմ համարում:



- Կոնկրետ առաջարկ ներկայացրե՞լ եք:



- Այո, բազմաթիվ: Առաջարկում եմ ֆիզիկական անձանց մասնակցությունը սահմանափակող դրույթներ մտցնել: Օրենքը ֆիզիկական անձանց հնարավորություններ է տալիս հանքային իրավունքներ ունենալու, որը որ սխալ է:



- Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները ցուց տվեցին, որ աղաղակող խախտումներ են լինում հանքարդյունաբերության ոլորտում: Ներկա փոփոխությունն ի՞նչ է փոխելու այդ առթիվ:



- Օրենքն ընդհանրապես բավական լուծումներ է առաջարկում մի շարք իրավիճակների համար, որտեղ որ գործող օրենքում առկա լուծումները լավը չեն: Բայց ես էդպես միանշանակ չեմ վերաբերվում այս նախագծին, որովհետեւ նախագիծը նաեւ թերություններ ունի: Այդ թերություններից մեկն այն է, որ վերահսկողական գործառույթները շատ սահմանափակ են:



- Վերջերս պարզվեց, որ հանքարդյունահանող խոշոր ընկերություններից մեկը տարիներով հարկեր չի մուծել՝ ներկայացելով, թե վնասով է աշխատել: Այս փոփոխությամբ հնարավոր կլինի՞ փակել այդ սողանցքը:



- Որոշ բաներ ձեռնարկվել են այս իմաստով, բայց չգիտեմ, չեմ կարող ասել վերջնական դեռ: Որոշ քայլեր կան այդ ուղղությամբ:



- Հայտնի է, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում սեփականատերեր են դարձել տարբեր իշխանավորներ, սակայն նրանք փաստաթղթերում չեն երեւում: Այս օրենքն ավելի թափանցիկ դարձնո՞ւմ է գործընթացը, որ հասկանանք, թե ովքեր են տերերը:



- Օրենսդրությամբ հանքերը պետության սեփականությունն են, եւ խոսքը միայն դրանց շահագործման իրավունքի մասին է: Նոր օրենսգիրքը ոչ թե գործընթացը դարձնում է ավելի թափանցիկ, այլ սահմանում, որ պատահական մարդիկ, ովքեր չունեն համապատասխան պատրաստվածություն, ռեսուրսներ եւ այլն, չկարողանան պարզապես իրենց լծակներն օգտագործեն ու հանքավայրերի շահագործման իրավունք ձեռք բերեն:



- Կոնկրետ այս փոփոխությունից հետո հանքարդյունաբերությունից հարկերը կգնա՞ն պետական բյուջե, թե՞ ոչ:



- Ես այն կարծիքին չեմ, որ այսօր ընդհանրապես հանքարդյունաբերության ոլորտից հարկերը չեն գնում պետական բյուջե: Բայց որ էնտեղ կա ստվերային մաս, այդ մասով ես իհարկե՝ Ձեզ հետ կհամաձայնվեմ: Նախագծի մեջ կա վերահսկողության գործառույթներին շատ ավելի լուրջ մոտեցում, բայց, իմ կարծիքով, դա էլ ամբողջական չի, եւ ես առաջարկներ եմ արել դրանք ավելի ամբողջական դարձնելու համար: Օրինակ՝ օրենքում գրված է, որ ապօրինի ձեռնարկատիրությունը հանքարդյունաբերության ոլորտում արգելված է, բայց ով է այն մարմինը կամ պաշտոնյան, որը չպետք է թույլ տա ապօրինի ձեռնարկատիրությունը, չի գրված: