Եթե վճարենք՝ վիրավորանքը կփարատվի՞

Եթե վճարենք՝ վիրավորանքը կփարատվի՞
«WikiLeaks»-ի հիմնադիր Ասանժին ի վերջո փորձեցին մեղադրել շատ ավելի ծանր հանցանքի` մանկապղծության մեջ: ԱՄՆ-ն, որպես ժողովրդավարության միջնաբերդ, հանձն չառավ պահանջել նրան եւ դատել համացանցում հարյուր հազարավոր փաստաթղթերի գաղտնազերծման մեղադրանքով:



Ասանժը մեծ վնաս է հասցրել պետությունների փոխհարաբերություններին, ավելի անկայուն է դարձրել առանց այն էլ փխրուն խաղաղությունն աշխարհում: Շատ սարսափելի տպավորություն էին թողնում առաջին օրերի այս որակումները, բայց ի վերջո, կրկնում ենք, Ասանժին որոշեցին մեղադրել միանգամայն այլ հանցանքի մեջ:



Հավանաբար Ասանժի «հերոսները» հասկացան, որ իրականում իրենք են իրենց վարքով ու քաղաքական փոխհամաձայնություններով պատճառ դարձել զանազան երկրների ու ժողովուրդների դժբախտության: Իսկ Ասանժին հետապնդող երկրների մի շարք ղեկավարներ էլ հավանաբար հասկացան, որ մասնագիտական գործունեության համար նրան դատապարտելը կդիտվեր որպես խոսքի ազատության սահմանափակում եւ հավասարազոր կլիներ ինքնաոչնչացման: Բայց սա արտասահմանում` ԱՄՆ-Մեծ Բրիտանիա-Շվեդիա գծով, երկրներ, որոնց մասին խոսելիս պատկերացնում ես ժողովրդավարություն, եւ ժողովրդավարություն ասելով` պատկերացնում ես հենց այդ երկրները:



Գանք Հայաստան: Կարիք կա՞ ասելու, որ լրագրողներին ու ԶԼՄ-ներին հետապնդելու գործում մենք առաջիններից մեկն ենք աշխարհում, կարիք կա՞ ավելորդ անգամ ասել, թե ինչ կարող էինք անել Ասանժի հետ, եթե նրան որեւէ մեկը մեզ հանձներ: Միթե նորմալ է, որ մեր նման փոքր երկրում յուրաքանչյուր երկրորդ տպագիր լրատվամիջոց ներկա պահին հետապնդումների է ենթարկված: Բնակա՞ն է արդյոք, որ մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել այն թերթերը, որ երբեւէ նման հետապնդումների չեն ենթարկվել: «Առավոտ», «Հայկական ժամանակ», «Ժամանակ», «Երկիր», «Հրապարակ», «Հայոց աշխարհ»… ահա ոչ լրիվ ցանկն այն լրատվամիջոցների, որոնք դատական խնդիրներ ունեն առանձին պաշտոնյաների հետ, ինչ է թե՝ նրանց որոշ հրապարակումներ հարմար չեն եղել այդ երեւելիների քիմքին: Իսկ երեւելիներին, այ քեզ բան, թույլատրված է ամեն ինչ, ընդհուպ մինչեւ լրագրողին հայհոյել, նրա ներկայացրած լրատվամիջոցը պախարակել ու պատասխան չտալ նման պահվածքի համար:



Մարտի 14-ին գրեթե բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցները ծանուցեցին, որ հերթական գործն է հարուցվել՝ այս անգամ «Report.am» կայքի եւ լրագրող Էդիկ Անդրեասյանի դեմ: Ձեւակերպումը նույնն է` լրատվամիջոցն ու նրա լրագրողը արատավորել են ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը: Լրատվության մեջ հղում կա համապատասխան լինքին: Կարդում ես ու ի՞նչ` Հայկ Բաբուխանյանն է հառնում աչքիդ առջեւ իր ողջ հասակով, միայն թե հոդվածում չկա որեւէ վիրավորական արտահայտություն, գոնե այնպիսին, ինչպիսիք սփռված են համացանցում: Հավանաբար Բաբուխանյանը տեղյակ չէ դրանց մասին: Ցավալի է նաեւ այն, որ լրատվամիջոցին ու լրագրողին դատի տվողն այս դեպքում ոչ թե որեւէ պետական պաշտոնյա է, այլ հենց լրագրող, այդ աշխարհում հայտնի մարդ, ով թե սեփական լրատվամիջոց ունի եւ թե գրիչ` հրապարակված նյութին հրապարակային պատասխան տալու համար: Ի դեպ, պահանջվող գումարի չափը փոքր չէ` 4 միլիոն դրամ, որ համարժեք է մոտավորապես 12 հազար ԱՄՆ դոլարի:



Այս տխուր երեւույթի մասին բազմիցս գրել ու աղմկել են թերթերը, նշել, որ մեզանում հստակեցված չեն բազմաթիվ չափանիշներ, ինչից օգտվելով էլ, ահա, փորձում են լռեցնել ազատ խոսքի ամբիոնները: Վստահ ենք` բոլորն են գիտակցում, որ Հայաստանում չկա որեւէ լրատվամիջոց, որ ի վիճակի լինի ինքնաբավ աշխատել: Բոլոր խմբագրություններում էլ ամենասուր խնդիրներից մեկը ֆինանսավորման հարցն է: Բայց արի ու տես, որ գրեթե բոլոր ներկա ու նախկին պաշտոնյաները միակարծիք են այն հարցում, որ եթե լրատվամիջոցը վիրավորում է, նույնիսկ եթե մի թթու խոսք է ասում, պիտի վճարի: Արդյոք ճի՞շտ է դրված հարցը, եւ ես արդյոք կարո՞ղ եմ վճարել ու վիրավորել մարդուն՝ որքան կամենամ: Եվ եթե վճարեմ, այդ մարդու վիրավորանքը կփարատվի՞: Եթե ավելի շատ վճարեմ, այդ մարդը, պատահաբար, ինձ չի՞ խնդրի էլի ու էլի վիրավորել իրեն: Տպավորություն է ստեղծվում, որ լրատվամիջոցին դատի տվողները պարզապես հաճույք են ստանում այդ գործընթացից, որովհետեւ, նախ` գումար են վաստակում, եւ ապա` գովազդվում, ինչն օդի ու ջրի պես անհրաժեշտ է նրանց` հատկապես նախընտրական փուլում:



Ամփոփելով` նշենք, որ ոչ ոք այսօր չի կարող ասել, թե քանի մարդ է «Report.am» կայք-էջում կարդացել Էդ. Անդրեասյանի ««Իրավունքի» իրավունքը Հայկ Բաբուխանյանի թրի ծայրին է» հոդվածը եւ հետեւաբար՝ հնարավոր չէ ապացուցել` հրապարակայի՞ն է արդյոք սույն «վիրավորանքը», որում բացահայտվել է շուտ վիրավորվող Հայկ Բաբուխանյանի կերպարը: Ի դեպ, հենց վերջինիս՝ դատարան դիմելու շնորհիվ մեծացավ այն մարդկանց թիվը, ովքեր ընթերցեցին հոդվածն ու համապատասխան հետեւություններ արեցին:



Մնում է հետեւություն անեն նաեւ ԶԼՄ-ների մասին օրենքի հեղինակները, ովքեր դատի տվողներին վերածել են իսկական խոպանչիների, իսկ լրատվամիջոցներին կանգնեցրել սնանկ հայտարարվելու վտանգի առջեւ` մեծապես նպաստելով խոսքի ազատության զգալի սահմանափակմանը:



Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ