Մարդկային ռեսուրսների կառավարումը որպես սոցիալ-տնտեսական զարգացման նախապայման

Մարդկային ռեսուրսների կառավարումը որպես սոցիալ-տնտեսական զարգացման նախապայման
Երեկ` մարտի 15-ին, Կոնգրես հյուրանոցի «Պիկասսո» դահլիճում տեղի է ունեցել «Երիտասարդության կողմից ստեղծված մասնավոր ընկերություններում «Մարդկային ռեսուրսների կառավարման» համակարգի ֆունկցիոնալությունը, որպես ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման նախապայման» թեմայով շնորհանդես: «Ճեմարանականների միություն» հասարակական կազմակերպությունը, որի հիմնական նպատակն է երիտասարդական եւ կրթական հիմնախնդիրներով զբաղվելը, ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացրել է այս ծրագիրը:



Հետազոտությունները ցույց են տվել, որ մասնավոր ընկերությունների ներկայացուցիչները հիմնականում կարեւորում են «Մարդկային ռեսուրսների կառավարումը» եւ կիրառում են որոշակի բաղադրիչներ, սակայն դրանք համակարգված ու ամբողջական ներդրված չեն նրանց կողմից, որի մասին փաստում են նաեւ փորձագետները: Բացի այդ, նրանց կեսից ավելին պատրաստ է տրամադրել ֆինանսական միջոցներ՝ ՄՌԿ վերապատրաստման դասընթացներ եւ խորհրդատվություն ստանալու համար:



Դրա հետ մեկտեղ, հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ ընկերությունների մեծ մասը, իսկ փորձագետների ուղիղ կեսը հակված է ունենալ միասնական համակարգ՝ «Մարդկային ռեսուրսների կառավարումն» ապահովող տարաբնույթ մեխանիզմներով: Իսկ փորձագետների մյուս կեսը եւ հարցվողների փոքր հատվածը հակված են ինստիտուցիոնալիզացնել ՄՌԿ ոլորտը, եւ սկսել կրթական ծրագրերից՝ բուհերում, դպրոցներում:



Այս միջոցառմանը ներկաների դատին են ներկայացվել հետազոտությունների արդյունքները, եւ նրանք իրենց պրակտիկ փորձով եւ գիտելիքներով կարծես թե հաստատել են վերը նշված երկու տեսակետները: Սակայն վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել առաջարկվող տարբերակների քննարկումները փորձագետների մասնակցությամբ՝ ավելի հստակեցնելու ու կոնկրետ մեխանիզմների մասով առաջարկություններ անելու նպատակով:



Շնորհանդեսին ներկա են գտնվել պետական, հասարակական, միջազգային եւ մասնավոր սեկտորի համապատասխան ներկայացուցիչներ ու փորձագետներ: