Դրա փոխարեն որոշումը չբեկանեիք

Դրա փոխարեն որոշումը չբեկանեիք
Հայաստանում  կա  ՀՀ  դատավորների  միություն  անունով  կազմակերպություն, որը,  թվում  է՝ պետք  է  զբաղվեր  դատավորների  ու  դատական  համակարգի խնդիրներով, սակայն  այս  կառույցից  առայսօր  շատ  հազվադեպ է ծպտուն  դուրս  եկել: 



Երեկ,  սակայն,  միության  խորհուրդը  հայտարարություն  է  տարածել՝  Լոռու  մարզի դատախազ  Կարեն Շահբազյանին խարազանող:



Առիթը Վանաձորի բնակիչ, սպանության մեջ մեղադրվող Մաքսիմ Պետրոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցն է եւ այդ առիթով Լոռու դատախազի մարտի 22-ի ասուլիսը: Նրանք մեղադրել են դատախազին, որ, խախտելով անմեղության կանխավարկածը, «սահմանադրական երաշխիքից օգտվող անձին` Մաքսիմ Պետրոսյանին, անվանել է մարդասպան»: Բացի այդ, դատախազը «դատարանին ըստ էության խորհուրդ է տվել առաջնորդվել հասարակական կարծիքով` այն դեպքում, երբ դատարանը պարտավոր է առաջնորդվել միայն Սահմանադրությամբ եւ օրենքներով եւ ոչ թե հասարակական կարծիքով: Լոռու մարզի դատախազը, ի պաշտոնե հայտարարությունով հանդես գալով անկողմնակալ դիտորդի` հանրային լսարանի առջեւ, չի հարգել դատարանի անկախությունն ու անկողմնակալությունը` ակնհայտորեն դրսեւորելով ոչ հարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ եւ կասկածի տակ դրել դատական ակտի օրինականությունը:  …Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը.



- անընդունելի է համարում Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի կողմից դատական ակտի օրինականությունը հրապարակայնորեն կասկածի տակ դնելը` այն համարելով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում.



- կոչ է անում իրավակարգը պաշտպանող բոլոր պաշտոնատար անձանց, դատարանների կողմից կայացվող որոշումների հետ համաձայն չլինելու դեպքում, օգտվել դատական ակտը բողոքարկելու իրենց իրավունքից եւ ձեռնպահ մնալ դատական ակտի օրինականությունը հրապարակայնորեն կասկածի տակ դնելու արատավոր պրակտիկայից.



- հեռու մնալ ցանկացած միջոցով, այդ թվում` մամուլի ասուլիսների միջոցով դատարանի վրա ճնշում գործադրելու փորձերից.



- անշեղորեն պահպանել ՀՀ Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով եւ ՀՀ օրենսդրությամբ ամրագրված անմեղության կանխավարկածի հիմնարար պահանջը.



-  ակնկալում է, որ ՀՀ գլխավոր դատախազը քննարկման առարկա կդարձնի Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը»:



 



ՀԳ - Ոսկե խոսքեր, որի տակ ցանկացած անձ կստորագրեր: Սակայն մի փաստ այնուամենայնիվ հիմք է տալիս խոսելու այն մասին, որ դատական համակարգն ու նրա շահերը ներկայացնող Դատավորների միությունը կեղծ պայքարի տեսարան են բեմադրել: Ինչո՞ւ: Եթե Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը Մ. Պետրոսյանի նկատմամբ կալանք չէր կիրառել եւ ընդամենը բնակավայրից չբացակայելու ստորագրություն էր որոշել, ապա վերաքննիչ դատարանը հաճույքով բեկանել է Լոռու դատարանի որոշումը եւ կալանքի սանկցիա տվել՝ կատարելով Լոռու դատախազի հրահանգը:



Եթե ձեր համակարգում կա շահի, օրինականության, մարդու իրավունքների սահմանադրականության գիտակցություն, ապա, հարգելի դատավորներ, լավագույն պայքարը կլիներ առաջին մակարդակի դատարանի որոշումը պահպանելը: Եթե վերաքննիչի դատավորները կատարում են դատախազի հրահանգը, այլեւս քանի լումա արժե ձեր այս հայտարարությունը: