Ջրբաժան չեղավ. երկխոսության դռները կիսաբաց են

Ջրբաժան չեղավ. երկխոսության դռները կիսաբաց են
«Ըստ էության, մեր պահանջներից երկուսը կատարված են լիովին, իսկ մեկը՝ կիսով չափ, այն էլ ոչ թե բովանդակության, այլ միայն ժամկետի առումով։ Դա նշանակում է, որ երկխոսության հնարավորությունն առայժմ սպառված չի կարելի համարել, ուստիեւ առայժմ հիմք չկա փոխելու մեր մարտավարությունն ու գործողությունների բնույթը։ Պատկերավոր ասած՝ երկխոսության դուռը եթե ոչ լրիվ բաց, ապա առնվազն կիսաբաց է:



Ես ոչ մի կասկած չունեմ, որ այն լրիվ բացվելու է մեկ ամսվա ընթացքում, ինչը մենք կարձանագրենք մայիսի 31-ին կայանալիք մեր հաջորդ հանրահավաքում, երբ այս հարթակից ձեզ իրենց երախտագիտության խոսքը կասեն Նիկոլ Փաշինյանը եւ Սասուն Միքայելյանը»,-երեկ կայացած հանրահավաքում այս խոսքերով Տեր-Պետրոսյանը համոզեց եւ վստահեցրեց ժողովրդին, որ իրենք ճիշտ մարտավարություն են ընտրել, որը կբերի ցանկալի արդյունքին:



Հիշեցնենք, որ նախորդ՝ ապրիլի 18-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ եթե իրենց առաջադրած 3 պահանջները լիարժեքությամբ չկատարվեն, ապա ապրիլի 28-ը պետք է դառնա ջրբաժանի օր՝ իշխանության եւ հասարակության միջեւ: Ժողովուրդը ջրբաժանի հույսով էլ եկել էր, քանի որ պահանջներից մեկը՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, տեղի չէր ունեցել, սակայն, ինչպես եւ կանխատեսում էին մի շարք քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, ոչ մի ջրբաժան էլ տեղի չունեցավ:



«Երեք տարի համբերել ենք, մեկ ամիս էլ կհամբերենք»,-բացատրեց առաջին նախագահը, ինչն այնքան էլ դուր չեկավ հանրահավաքի մասնակիցներին, եւ շարքերի վերջում լսվեցին դժգոհության բացականչություններ, անգամ սուլոցներ, ինչին հաջորդեցին արդեն ավանդական դարձած «հիմա»-ները: «Այդ «հիմա»-ն շատ չի ուշանա»,- վստահեցրին ՀԱԿ ներկայացուցիչները՝ նշելով, որ թավշյա հեղափոխությունը սկսվել է, իսկ իշխանափոխությունն անխուսափելի է:



«Իշխանությանը թվում է, թե, կենտրոնանալով այդ երեք պահանջների վրա, մենք հրաժարվում ենք ավազակապետության կազմաքանդման նպատակից: Հույս չունենաք մոլորեցնել ժողովրդին: Մենք պահանջում ենք արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացում, համակարգային փոփոխություններ»,- հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:



Սակայն հանրահավաքի վերջում ժողովրդի հիասթափությունը նկատելի էր, ինչը դրսեւորվեց նրանով, որ հանրահավաքին հաջորդած երթից հետո մարդիկ կրկին հավաքվեցին Ազատության հրապարակում: Ի դեպ, ի տարբերություն նախորդ անգամների, երթն առանց միջադեպերի չանցավ: Երկու անգամ ոստիկանների եւ երթի մասնակիցների միջեւ ընդհարում եղավ, որը ՀԱԿ ներկայացուցիչներ Դավիթ Շահնազարյանի, Վլադիմիր Կարապետյանի եւ Լեւոն Զուրաբյանի ջանքերով հարթվեց:



Ազատության հրապարակ հասած ժողովուրդը սկսեց նստացույց  պահանջել: Նրանք նստել էին Օպերայի աստիճաններին եւ պնդում էին, որ չեն հեռանա, նստացույց են անելու, սակայն ՀԱԿ ներկայացուցիչները մի քանի րոպե Տեր-Պետրոսյանի հետ խորհրդակցելուց հետո նստացույց պահանջողներին համոզեցին, որ այս պահին նստացույց չեն կարող սկսել՝ իրենք շախմատ են խաղում։



«Մենք շատ լավ գիտենք ձեր մտահոգությունները, բայց շախմատը լուրջ խաղ է, քաղաքականությունը լուրջ գործ է, խաղադրույքին Հայաստանի ճակատագիրն է»,- ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը։ Լեւոն Զուրաբյանն էլ կրկին հորդորեց չկասկածել իրենց քայլերի ճշմարտացիությանը եւ հաշվարկված լինելուն: Նրանց այդ քայլը չի նշանակում, որ իրենք նահանջել են, ընդհակառակը.



«Քաղաքականությունը բարդ հաշվարկների արվեստ է, այսօր արել ենք մի քայլ, որը գիտենք, որ միանշանակ չի ընդունվելու հավաքվածների կողմից: Սակայն եթե դիմում ենք այդ քայլին, ապա գիտենք, որ դա հաշվարկված է: Հավատացեք՝ մեր շարժման պատմության մեջ ավելի արդյունավետ քայլ, քան սա է, չի լինելու: ...Այսօր իմ այս խոսքին հավատացեք, հաջորդ անգամ ես ձեզ հետ նստելու եմ։ Այս մի ամսում մեր պայքարի համար բացվելու են այնպիսի հեռանկարներ, որոնց մասին չեք էլ կարող երազել»,- ժողովրդին տուն գնալու կոչով դիմեց ՀԱԿ համակարգողը: Ժողովուրդն այս անգամ էլ լուռ հնազանդվեց, սակայն, դատելով նրանց երեկվա տրամադրվածությունից եւ հիասթափությունից, այդ հնազանդությունը երկար չի տեւի: «Հոգնել ենք արդեն, ինչքա՞ն կարելի է»,- դժգոհում էին հեռացողները: