Դատարանը փող աշխատելու տեղ չի

Դատարանը փող աշխատելու տեղ չի
Պարզվում է՝ երբ որոշ դատական գործեր հասնում են Եվրոպական դատարան, եւ առաջ է քաշվում փաստաբանական ծախսերի փոխհատուցման հարցը, մեր կառավարությունը սկսում է դողալ ամեն կոպեկի վրա եւ սկսել Եվրոպային համոզել, որ փաստաբանների պահանջած գումարը իրենց մատուցած ծառայության համար ողջամիտ չէ, որ Հայաստանում փաստաբանները շատ ավելի քիչ են վաստակում:



Եվրոպական դատարանում, անկախ նրանից, թե փաստաբանը որքան գումարի պահանջ է ներկայացրել, դա միանշանակ չի ընդունվում: Փաստաբանը պարտավոր է ապացուցել, որ իր պահանջած գումարը ողջամիտ է, եւ թե որքան ժամանակ է ծախսել այդ գործի վրա, քանի ժամ է աշխատել, քանի հոգով են աշխատել եւ այլն:



Փաստաբանի առաջարկը Եվրադատարանն ուղարկում է տվյալ երկրի կառավարությանը` առարկությունների համար: Եւ սովորաբար կառավարությունն իր մասով առարկություններ է ներկայացնում առաջարկած ծախսերի հետ կապված:



Գրում է, թե գումարները մեծ են, փաստաբանները մեր շուկայում այդքան փող չեն ստանում, պետության բյուջեում այդքան փող չկա եւ այլն: Կողմերին լսելուց հետո դատարանն իրավաբանական ծախսերի մասով արդեն որոշում է կայացնում: Մինչ օրս, որպես նախադեպ, ամենաբարձր փոխհատուցումը եղել է «Ա1+»-ի` 6 տարի տեւած գործով` մոտ 10 հազար եվրո:



«Մյուս գործերի դեպքում, որոնք տեւել են 4-5 տարի, իրավաբանական ծախսերի փոխհատուցումը 2-3 հազար դոլարի չափ գումար է եղել: «Դու ոչինչ չես կարող անել: Դատարանը, հաշվի առնելով քո պետության առարկությունները, համարում է, որ գումարի այդ չափն է խելամիտ»,- ասում է փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը:



Նա որպես օրինակ բերեց 2008-ին «Ա1+»-ի` Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով տարած հաղթանակը, երբ կառավարության մեր ներկայացուցիչը հայտարարեց, թե իրենք ոչ հաղթել, ոչ էլ պարտվել են:



«Նա նկատի ուներ փողի չափը: Այսինքն՝ նրանք ինչքան գումար ներկայացրել էին, դատարանն այդքան էլ հաստատել էր: Կառավարությունը դա հաղթանակ համարեց, իսկ իրավական մասը, փաստորեն, նրանց հետաքրքիր չէր: Մեր կառավարությունը կոպեկ առ կոպեկ դիմադրում է այդ գումարին»,- նշում է Տեր-Եսայանը:



Կառավարության ժլատության այս ֆոնին առնվազն տարօրինակ է, երբ այլ գործերով, հատկապես լրատվամիջոցների դեպքում, փաստաբանները մի հայցադիմում գրելու համար խելքից դուրս գումարներ են պահանջում՝ որպես փոխհատուցում: Ինչու այս դեպքում դատավորը փաստաբանին չի հարցնում, թե ոնց են գնահատել իրենց ծառայությունը, քանի ժամ են աշխատել, քանի հոգով, որ 3 միլիոն դրամի պահանջ են ներկայացրել:



«Դատարանը պետք է հաշվի առնի այդ բոլոր հանգամանքները: Եվրադատարանում նախօրոք փողը չեն ներկայացնում, իսկ մեզ մոտ հակառակ պատկերն է` նախօրոք փողն են ներկայացնում: Բայց դատավարություն է գնում, դու ո՞նց ես սկզբից փող պահանջում, ի՞նչ գիտես դատաքննության ընթացքում ինչ կլինի, որ կանխավ փող ես պահանջում: Չէ, մեզ մոտ միանգամից մտնում են դատարան եւ 3 միլիոն են պահանջում, բայց ավելորդ չեմ համարում կրկնել, որ դա ահռելի գումար է: Այս գործընթացը պետք է կարգավորվի, ոչ թե ում ինչքան գումար պետք լինի՝ այդքան էլ պահանջի: Դատարանը փող աշխատելու տեղ չի»,- ասում է Տիգրան Տեր-Եսայանը:



Հայաստանում էլ պետք է դատավորները պարզեն, թե փաստաբանն ինչ ծավալի աշխատանք է կատարել գործի վրա, դատավորները կաշկանդված չեն, սակայն, ցավոք, այդ պրակտիկան չկա մեզանում:



«Շատ ավելի վատ, որ մեզ մոտ այդ պրակտիկան չկա: Այստեղ շատ նրբություններ կան, որ որոշ գործեր հասնեն Եվրադատարան, շատ պրոբլեմներ կունենան նման պահանջներ ներկայացնելու համար»,- համոզված է Եւրոդատարանում բազում գործեր ունեցած փաստաբանը:



Նա խորհուրդ է տալիս վերցնել ԵԴ ներկայացված մի քանի դատական գործեր եւ տեսնել, թե դատարանն ինչ ծավալի գործերի դեպքում ինչ վճարումներ է կատարել, եւ կտեսնեն, որ 3 միլիոնը ֆանտաստիկիայի ոլորտից է: