Հայ ժողովրդի հպարտության հուշարձանները աղբով են լցված

Հայ ժողովրդի հպարտության հուշարձանները աղբով են լցված
Բազմաթիվ  հնավայրեր, որոնք, ըստ էության, համարվում են Հայաստանի պատմության անձնագիրը, այսօր գտնվում են լքյալ վիճակում: Եկեղեցու, պատմության և մշակույթի բազմաթիվ բացառիկ հուշարձաններ անկախ Հայաստանի տարածքում այսօր կատարյալ անտերության են մատնված:



«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը հայտարարում է «Մաքրե՛նք հնավայրերը ժամանակակից աղբից» ակցիայի մեկնարկը, որի շրջանակներում շաբաթը մեկ նախաձեռնության անդամները կմեկնեն Հայաստանի տարբեր մարզերում գտնվող հնավայրեր և կմաքրեն դրանց շրջակա տարածքը: Ակցիան իրականացվում է մասնակիցների անձնական միջոցներով:



Նախօրեին երիտասարդները այցելել են Վայոց Ձորի մարզի Ցաղաց Քարի վանական համալիր (989թ.):



«Ճանաչիր  քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը կոչ է անում բոլոր հայ երիտասարդներին միանալ ակցիային` զանգահարելով (091) 60-07-44 հեռախոսահամարով:



Միասին պահպանե՛նք մեր պատմությունը:



«Ճանաչիր  քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը կազմավորվել է հայ երիտասարդության  շրջանում հանրահայտ «Արշավներ» հայրենաճանաչողական խմբի հենքի վրա: Այն կոչված է համախմբել հայ երիտսասրդությանը` հայրենիքին պիտանի լինելու, Հայաստանի պատմությունն առանց խեղաթյուրումների ճանաչելու գաղափարների շուրջ:



«Ճանաչիր քո երկիրը»-ն բացառապես երիտասարդների նախաձեռնությունն է, քաղաքականապես լիովին անկախ է և իր ապագա գործունեության ընթացքում չի պատրաստվում հարել որևէ քաղաքական ուժի:



Այս մասին տեղեկացնում է «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնության մամուլի ծառայությունը: