ԲՀԿ-ն ՀԱԿ-ի՞ց է ազդվել

ԲՀԿ-ն ՀԱԿ-ի՞ց է ազդվել
«Նոր փոփոխություններին ընդառաջ` կոալիցիոն կուսակցությունները միասնական են եւ նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին»,- սա հատված է այս տարվա փետրվարի 17-ին նախագահական նստավայրում խորհրդարանական կոալիցիայի՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի  կողմից ստորագրված հուշագրից, որն ինքնին ենթադրում է, որ կոալիցիոն կուսակցությունները գալիք խորհրդարանական ընտրություններին պետք է գնային միասնական ցուցակով:



Այդ մասին անգամ խոսվում էր հուշագրի ստորագրումից հետո: Մինչդեռ երեկ ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության նիստից հետո Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարեց, որ ԲՀԿ-ն միայնակ է գնալու խորհրդարանական ընտրություններին. «Հզոր ուժերը միշտ միայնակ են գնում։ Եթե հզորությամբ երկրորդ ուժն ենք, ինչո՞ւ պետք է միասնական գնանք:



Էդ փոքրերը պետք է միանան մեծերին»,- ասաց Ծառուկյանը: Այդ պարագայում ի՞նչ իմաստ ուներ կոալիցիոն նոր հուշագիր ստորագրելը: Ծառուկյանն այս հարցին էլ պատասխանեց. «Ստորագրեցինք, որ մեր նախագահն իրեն հզոր զգա բանակցությունների ժամանակ»: Հավանաբար, ըստ Ծառուկյանի, կամ Սերժ Սարգսյանն այլեւս հզոր է, կամ էլ այլեւս իմաստ չի տեսնում նրան հզորացնելու: «Քաղաքական կոալիցիան նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով` ի դեմս գործող նախագահի, դրանով իսկ երաշխիքներ ստեղծելով ապահովելու փոփոխությունների հետագա շարունակականությունն ու մեր երկրի կայուն առաջընթացը հաջորդող հինգ տարիների ընթացքում»,- ասված է կոալիցիոն հուշագրում:



Երեկ լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե հնարավո՞ր է նախագահական ընտրություններին էլ գնան միայնակ: ԲՀԿ առաջնորդը պատասխանեց. «Այդ մասին՝ հաջորդ դասին»: Մինչ Ծառուկյանը կպատրաստվի հաջորդ դասին, նրա հայտարարության հետ կապված՝ մեկնաբանություններ խնդրեցինք կոալիցիոն գործընկերներից: ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի համար զարմանալի չէ Ծառուկյանի այս հայտարարությունը, քանի որ. «Կոալիցիոն հուշագրում գրված չէր, որ մենք միասին պիտի գնանք: Նման բան չէր էլ կարող լինել:



Հուշագրի իմաստն ի սկզբանե եղել է կոալիցիոն կառավարություն կազմելը, բայց կոալիցիոն հուշագրի մեջ գրված չի եղել, որ 2012 է. ընտրությունները մենք գնում ենք նույն ցուցակով»: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ, պատասխանելով այն դիտարկմանը, որ եթե իրենք որոշեն գնալ ՀՀԿ-ի հետ նույն ցուցակով, դա կդիտվի թուլության դրսեւորում, քանի որ, ըստ Ծառուկյանի, հզորները մենակ են գնում, Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «ՕԵԿ-ը տարբեր ընտրությունների ժամանակ միշտ եղել է ծանրակշիռ քաղաքական ուժ»:



Նա նաեւ հավելեց, որ ՕԵԿ-ը միշտ ընտրություններին մասնակցել է որպես առանձին քաղաքական ուժ՝ չբացառելով դաշինքով ընտրությունները. «Մենք չենք բացառում ընդհանրապես»: Քաղաքագետ Մանվել Սարգսյանն այն կարծիքին է, որ կոալիցիոն հուշագրում այնքան էլ հստակեցված չէ միասնական ցուցակով գնալու հարցը, սակայն Ծառուկյանի՝ խորհրդարանական ընտրություններին առանձին ցուցակով գնալու որոշումը հիմնականում պայմանավորում է Հայ ազգային կոնգրեսի գործոնով:



«Այն, ինչ որ կատարվում է այսօր, պայմանավորված է այն տենդենցներով, որոնք ստեղծվել են քաղաքական դաշտում: Երբ ընդդիմադիր ՀԱԿ դաշինքն իշխանությունների հետ բանակցելու հայտ է ներկայացրել: Կարծում եմ՝ սա դրա ազդեցությունն է, եւ այս կուսակցությունն ինչ-որ խորքային բաներ է տեսել, որ գործող բարձրագույն իշխանությունը փորձում  է ուրիշ ուժերի հետ ավելի խորքային ծրագրեր մշակել, հետեւաբար փորձել է ցույց տալ, որ ինքը հզոր է եւ ինքնուրույն էլ կարող է գնալ ընտրությունների»: