Մեկ լավ, մեկ վատ

Մեկ լավ, մեկ վատ
Երեկ առավոտից քաղաքում լուրեր էին շրջում, որ «Նիկոլին այսօր թողնելու են»: Չնայած միայն կեսօրին Ազգային ժողովը քվեարկեց եւ մեկ ձեռնպահով ընդունեց Համաներման առաջարկը, իսկ հայտնի էր, որ այն դեռ պետք է հրապարակվի ու 24 ժամում միայն ուժի մեջ մտնի, սակայն մարդիկ ակնհայտորեն շտապում էին: Օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ Համաներման փաստաթուղթն արդեն հրապարակվել է՝ կարիք չկա 15  օր սպասել Տեղեկագրի հրատարակմանը, իսկ ուժի մեջ կմտնի արդեն այսօր: Այսինքն՝ եթե «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետին հրահանգ տան, հենց այսօր էլ Նիկոլին բաց կթողնի՝ առանց երկուշաբթի օրվան սպասելու: Թեեւ երկուշաբթին դեռ մայիսի 30-ն է, եւ անգամ այդ դեպքում քաղբանտարկյալները կհասցնեն մասնակցել 31-ի հանրահավաքին: Բոլորն ուրախ էին, անգամ իշխանության ներկայացուցիչները: Բարությունն ու մարդասիրությունը չի կարող մարդկանց չուրախացնել, եթե նրանք Նեռի հետ արյունակից չեն: Իսկ հասարակ մարդիկ ավելի շատ էին ոգեւորված. փողոցներում խմբված, աշխատատեղերում, սրճարաններում քննարկում էին Համաներումն ու կարծիքներ փոխանակում: Անշուշտ, ոմանք հիշեցնում էին, որ ընդդիմադիրներն անարդար են նստել, երկու տարի բանտերում անցկացնելը հեշտ չէ, որ սրանով իշխանությունը սեփական սխալներն է սրբագրում, ու պետք չէ նրա արածի մեջ հերոսություն տեսնել, բայց մենք այնքան շատ անարդարություններ ենք տեսել, որ անօրինականություններից արդեն չենք զարմանում: Ահա՝ երեկ մենք ոստիկանության քննչականի որոշումը ստացանք, որից իմացանք, որ խմբագրությունն ավերած Մառոզի գործողություններում հանցակազմ չկա: Դե եթե Նիկոլի քաղաքական ելույթներում հանցակազմ տեսան ու 2 տարի ազատազրկեցին, ինչո՞ւ պետք է Մառոզի հայհոյանքների ու ծեծի մեջ հանցակազմ տեսնեն: Տրամաբանական է: