Աչքալուսանք

Աչքալուսանք
Հայ հասարակությունը վերջապես թեթեւացած շունչ քաշեց. «լավագույն տղերքն» արդեն բանտերում չեն: Նրանք ազատության մեջ են՝ ժողովրդի կողքին: Մի կողմից ավարտվեց այն մղձավանջը, երբ անմեղ մարդիկ բանտում են, իսկ դու՝ ազատության մեջ եւ չգիտես ինչով օգնել, ինչպես օգնել, ինչ անել, որ այդ իրավիճակը փոխվի: Մյուս կողմից՝ ով ուզում է լինի, անկախ այդ մարդկանց հետ ունեցած հարաբերությունների ու վերաբերմունքի մակարդակից, եթե անմեղ մարդը բանտում է, ազատության մեջ գտնվողներն իրենց պետք է մեղավոր զգան ու դիսկոմֆորտի զգացում ունենան: Այնպես որ, համընդհանուր թեթեւության զգացումը երեկվանից համակել է բոլորիս: Թեթեւության զգացում ունեն, անշուշտ, նաեւ նրանք, ում մեղքով ու մասնակցությամբ Հայաստանում ստեղծվել էր այս իրավիճակը: Մեղքի այն զգացումը, որից ազատագրվեցին նրանք, իհարկե, անհամեմատ է մեր զգացածի կողքին: Չէ որ այս մարդկանց ուսերին են ծանրացած 10 անմեղ զոհերը, հարյուրից ավելի քաղբանտարկյալները, ընդդիմության 3 տարվա պայքարը իրենց ընկերներին բանտերից դուրս բերելու համար, հասարակական լարումն ու թշնամանքը եւ վերջապես՝ միջազգային հանրության տհաճ հանդիմանություններն ու հիասթափությունը: Այլեւս Հայաստանը չունի քաղբանտարկյալներ, եւ դրանից թեթեւության զգացում պետք է ապրի ողջ իշխանությունը եւ առաջին հերթին՝ Սերժ Սարգսյանը: Ոչ մեկին չի կարող պատիվ բերել ու հաճույք պատճառել բռնապետի պատմուճանը: Հասարակական ատելությունն ու անեծքները, արհամարհանքն ու վրեժխնդրության զգացումը երկրում բացասական մթնոլորտ էին ստեղծում, որտեղ անհնարին էր որեւէ խնդրի արդյունավետ լուծում, ընդհանրապես՝ նորմալ կյանք ու պաշտոնավարում: Այժմ Հայաստանը թեւակոխում է նոր փուլ: Հուսանք՝ քաղաքակիրթ պայքարի ու քաղաքական հարաբերությունների: