Հրապարակվել է Հիտլերի առաջին նամակը` հրեաների ոչնչացման ծրագրի մասին

Հրապարակվել է Հիտլերի առաջին նամակը` հրեաների ոչնչացման ծրագրի մասին
Հունիսի 7-ին Նյու Յորքում հրապարակվել է Ադոլֆ Հիտլերի նամակը, որում նա առաջին անգամ հիշատակում է հրեաների ոչնչացման իր ծրագրի մասին, հաղորդում է Associated Press-ը։ Հիտլերն այս նամակը գրել է 1919 թվականին գրամեքենայով եւ դրա վրա դրել իր ստորագրությունը։ Նամակի մեջ ապագա ֆյուրերը գրում է «ուժեղ կառավարություն» ստեղծելու անհրաժեշտության մասին, որը կօգնի վերացնել այն «վտանգը», որն իրենցից ներկայացնում են հրեաները։ Մասնավորապես, նախատեսվում էր օրենք սահմանել «այլազգիների մասին»։ Վերջնական նպատակը, Հիտլերի կարծիքով, պետք է լիներ հրեաների վտարումը Գերմանիայից։

Նամակը գտնվել է 1945 թվականին նացիստների՝ Նյուրմբերգի տարածքում տեղակայված արխիվից եւ այսքան ժամանակ եղել է մասնավոր հավաքածուներում, հաղորդում է CNN-ը։ Նամակի իսկությունը հաստատվել էր 1988 թվականին Չարլզ Համիլտոնի կողմից, ով իր ժամանակին ապացուցել էր, որ այսպես կոչված «Հիտլերի օրագրերը» կեղծ են։



Նամակը երեք շաբաթ առաջ գնել է ռաբբի Մարվին Հիրը, ով հրեաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Սիմոն Վիզենտալ կազմակերպության հիմնադիրն ու առաջնորդն է։ Հիրը փաստաթղթի համար վճարել է 150 հազար դոլար։