Լավ պրծանք

Այնպես որ, կարող ենք հանգիստ շունչ քաշել. ըստ իրավապաշտպան կազմակերպության փորձագետների, մեզանից ավելի բեթար վիճակում դեռ ահագին երկիր է մնացել: Այս հարցում լավ պրծանք: Վերադառնալով վերոհիշյալ ցուցակին, ասենք, որ այն գլխավորում է Բիրման, որին հաջորդում են Հասարակածային Գվինեան, նորաստեղծ Էրիթրեան (որը մի քանի տարի առաջ է անջատվել Եթովպիայից. թե ասա, որ էդ օրը պիտի ընկնեիր, էլ ինչո՞ւ էիր անջատվում), Հյուսիսային Կորեան, Սոմալին, Կուբան, Սաուդյան Արաբիան, Թուրքմենստանը, Սիրիան եւ մանկական ստրկության վաճառքով աշխարհում անխոս լիդեր Սուդանը:
Այս եւ «սեւ ցուցակում» հայտնված մյուս երկրներն ամենացածր գնահատականներ են ստացել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են քաղաքական ու քաղաքացիական իրավունքները, լրատվամիջոցների ու խոսքի ազատությունը, քաղաքացիական հասարակության առկայությունը: Այս երկրներում մարդիկ ամենաշատն են տուժում իրենց համալիր իրավունքների համակարգված խախտումներից:
Սակայն «Freedom House»-ի փորձագետները մտահոգ են այն իրողության կապակցությամբ, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը, ակտիվորեն ներգրավված լինելով մարդու իրավունքների ոլորտում խախտումների վերհանման, համաշխարհային հանրության ուշադրությունն այդ գերխնդրին բեւեռելու գործին, այնուամենայնիվ աչքաթող է անում Չինաստանին, որտեղ, ըստ փորձագետների, ամենաշատն են խախտվում մարդու իրավունքները:
Հիմա մարդ չի իմանում՝ նախանձի՞ չինացիներին իրենց տնտեսական աճի տեմպերի համար, թե՞ կարեկցի` նրանց իրավունքները ոտնահարվելու կապակցությամբ: Մի բան էլ է հետաքրքիր` չինացիները գիտե՞ն, որ իրենց իրավունքները ոտնահարվում են, թե՞ դրա մասին տեղյակ են միայն ամերիկացի փորձագետները:
Միգուցե իրենց պետք էլ չեն իրենց իրավունքները, մենակ թե թողնեն հանգիստ, տքնաջան աշխատեն: Ամեն դեպքում, հայերիս արժե չինացիների հետ փորձի փոխանակում անել` դուք մեզ իրական տնտեսական աճի տեմպեր, մենք ձեզ` իրավունքների համար պայքարի աննախադեպ օրինակներ...
Կարծիքներ