Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

Մասնավորապես Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը հայտարարել է. «Մենք հույս ունենք, որ նախագահների` Կազանում կայանալիք առաջիկա հանդիպմանը կողմերը հավանություն կտան կարգավորման համար առաջարկվող փաստաթղթի արդեն վերջնական տարբերակին: Խոսքն այն փաստաթղթի մասին է, որը կողմերին է առաջարկվել մոտ երեք ամիս առաջ` Սոչիում»,- ասել է Բեռնար Ֆասիեն:
Քննարկվող փաստաթղթի մասին համանախագահներն ասել են նաեւ, թե դեռեւս հղկման ու փոխհամաձայնեցման կարիք կա: Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ եւ մասնակցությամբ Կազանում հունիսի 25-ին նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցի շուրջ:
Երեկվա հանդիպման մասին, ի դեպ, կցկտուր տեղեկություն էր հաղորդվում Արցախի նախագահի մամլո ծառայության հաղորդագրությամբ, որում մասնավորապես նշված էր, որ հանդիպման ընթացքում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ տարածաշրջանային գործընթացներին առնչվող տարբեր հարցերի քննարկման ընթացքում երկուստեք նշվել է, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:
Հանդիպմանը ներկա են եղել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, պաշտոնատար այլ անձինք: Այսօր համանախագահները ժամանելու են Երեւան՝ հանդիպելու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Թերեւս այսօր պատկան մարմինները բացեիբաց կհայտնեն, թե կազանյան ուշագրավ հանդիպման ժամանակ կոնկրետ ինչպիսի փաստաթղթի տակ է ստորագրելու հայկական կողմը:
Կարծիքներ