«Ֆեյսբուքը» մի գովազդեք

«Ֆեյսբուքը» մի գովազդեք
Ֆրանսիան արգելել է հեռուստատեսությամբ նորություններ հաղորդելիս հիշատակել «Ֆեյսբուք» կամ «Թվիթեր» անվանումները: Արգելքը կիրառելիս հեռահաղորդակցման հարցերով զբաղվող պաշտոնյաները հղում են կատարել 1992 թվականին ընդունված օրենքին, որը սահմանում է, որ նորությունները չպետք է ընդգրկեն կոմերցիոն ընկերությունների անվանումներ. դա թաքնված գովազդ է: Այժմ հեռուստահաղորդավարների բերանից Ֆրանսիայում այլեւս չեն հնչում սոցցանցերի անվանումները, բացառությամբ այն դեպքերի, երբ տեսանյութը հենց սոցցանցին չի վերաբերում:



Այս հարցը ցավոտ ու հավերժական այն հարցերից է, որոնց առթիվ մշտապես արտահայտվում են թեր եւ դեմ կարծիքներ, արվում են եզրակացություններ, եւ մնում են չլուծված:



Թվում է, թե հակազդումը պետք է լիներ միապաղաղ ու գորշ` ինչ է նշանակում մարդկանց հեռու պահել տեղեկատվության ազատ հոսքից, սա մարդու իրավունքների ոտնահարում է, եւ այլն: Այնինչ, ինչպես ասում են, ճաշակին ընկեր չկա, եւ կարծիքները տատանվում էին «կեցցե Ֆրանսիա»-ից մինչեւ «Ախ, այդ ֆրանսիացիները՝ այն օրից, ինչ Նապոլեոնը Վաթերլոյի մոտ պարտություն կրեց…»: Հավանաբար վերջին արտահայտության հեղինակը նկատի ուներ, որ Վաթերլոյից հետո ֆրանսիացիներն այդպես էլ ուշքի չեն գալիս ու սխալ սխալի ետեւից են գործում:



Բայց ինչո՞ւ միայն Ֆրանսիան: Եգիպտոսն էլ, Թունիսն էլ արգելեցին սոցցանցերից օգտվել, եւ ինչ ստացվեց: Բանավիճել սիրող «Նյու Յորք Թայմսի» ընթերցողներից մեկը Ֆրանսիայի արարքը համեմատել էր գլուխն ավազի մեջ թաքցնող ջայլամի հետ. եթե ես նրան չեմ տեսնում, ապա նա չկա, ու խորհուրդ էր տվել ֆրանսիացիներին զբաղվել լուրջ գործերով` ասենք, հետեւել, որ հարյուրավոր մեքենաներ չվառեն Փարիզի փողոցներում, քաղաքը ձերբազատել «7-րդ դարում ապրող մուսուլմաններից»:



Մի ռուս աղջիկ «Ֆեյսբուքն» անպետք բան էր անվանել, նրա ամերիկուհի համախոհն ազնվորեն տեղեկացրել էր, որ «Ֆեյսբուքն» ու «Թվիթերը» նախատեսված են եղել աղջիկների վարքի մասին տեղեկություններ իմանալու համար, այսօր էլ պահպանում են իրենց քոլեջա-ուսանողական բնույթը, եւ ինքը գոռալու ցանկություն է ունենում, երբ լուրջ տյոտյաներն ու դյադյաներն էկրանից պատվիրում են «հետեւեք մեզ «Ֆեյսբուքով»»:



«Ինչ է,- գրում է կրակոտ ամերիկուհին,- ուրիշ սոցցանցեր չկա՞ն, թե՞ հերթական չեքն եք ստացել «Ֆեյսբուքից»»: Մի ուրիշին «էդ Մարկ Զուկերմանն ընդհանրապես դուր չի գալիս»: Իսկ այ՝ հայտնի լիբերալ «ru89.com» լրատվական կայքի հիմնադրին Ֆրանսիայի օրինապաշտությունը թվում է հնացած ու անտեղի. ըստ նրա, պետք է օրենքները հարմարեցնել իրականությանը, այլ ոչ թե իրականությունը` օրենքներին:



Նա հիշեցնում է գալլերի` Աստերիքսի գյուղը, որը միակն էր, որ չէր հայտնվել հռոմեացիների իշխանության ներքո: Նա համարում է, որ ֆրանսիական իշխանությունը հարմարավետ է զգում իրեն` կառավարելով տեղեկատվական դաշտը, եւ որոշել է իրեն չզրկել ապահովության զգացումից: Ամերիկացի մի երիտասարդ համարում էր, որ ինքն այն փոքրամասնության մեջ  է մտնում, որին դուր չի գալիս ամերիկյան «հիմար» մշակույթը, եւ գրում է` «viva la France», որ փորձում է իր մշակույթը զերծ պահել ամերիկյանից: Նախորդող հոդվածում  «rue89.com»-ի հիմնադիրը, սակայն, գրում էր, որ եթե փորձում ես մշակույթդ պահպանել քո սահմանները փակելով օտար մշակույթի առաջ, պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվում, եւ ճիշտը երկու մշակույթների խաղաղ միաձուլումն է:



Մի իրական վտանգի արտացոլում կար կարծիքների ու մեկնաբանությունների հեղեղում. «Ֆեյսբուքը» սարդի նման ոստայն է հյուսում` ներթափանցելով բոլոր հնարավոր բնագավառները: Կա մտավախություն, որ «անկառավարելի» համացանցը նա հավաքելու է իր ձեռքում:



Աստղիկ Սարգսյան