Վախ եւ ստրկություն

Վախ եւ ստրկություն
Մեր, վստահ եմ նաեւ մուս լրատվամիջոցների, փոստում խիստ ավելացել են անստորագիր նամակները: Մեր մշտական նամակագիրներից մեկն օրինակ շարունակ անհանգստանում է՝ տեխնիկապես հնարավո՞ր է, որ իր ուղարկած նամակի հասցեով իրեն գտնեն, կմատնե՞նք մենք իրեն, թե՞ ոչ: Եվ անգամ բազում հավաստիացումներից հետո մարդիկ չեն հավատում, որ չեն բացահայտվի: Մի կողմից՝ ուրիշ ճար չունեն, տեղները նեղ է, վերջին հույսը մամուլն է ու նրա հրապարակումները: Մյուս կողմից վախենում են՝ իսկ եթե իմանա՞ն, իսկ եթե պարզե՞ն: Ե՞րբ ստեղծվեց այդ վիճակը, ո՞ւմ շնորհիվ, ինչո՞ւ: Թվում էր՝ համատարած վախի ու իրար ծախելու ժամանակները վաղուց անցել են: Ազատությունից ու ժողովրդավարությունից ենք խոսում արդեն 20 տարի: Բայց ստալինյան մեթոդներն ու այդ մեթոդները կրողները հավերժ են: Սրանք ամենուր աչքեր ու ականջներ ունեն, պատժելու նենգ ու դաժան եղանակներ, մարդկանց վախի մեջ պահելու անտեսանելի ուժ ու կարողություն: Վստահ եմ, որ ցանկության դեպքում դժվար չի լինի մարդկանց միջից հանել վախն ու ստրկական զգուշությունը: Եվ դա կարող են անել իշխանության ամենաբարձր օղակներում նստած անձինք: Բայց նրանց ձեռնտու է այս վիճակը: Գորիկ Հակոբյանի ու տարբեր ինֆորմատորների միջոցով տիրապետել ողջ ինֆորմացիային: Բոլոր քիչ թե շատ նշանակալի անձանց վրա կոմպրոմատներ ունենալ: Այնպես անել, որ անգամ ամենաշարքային մարդը կորցնելու բան ունենա: Հեչ որ չէ՝ գոնե կյանքը: Ներշնչել, որ բոլորդ անպաշտպան եք ու բարձր իշխանության կամքից կախված. կուզենա՝ կապրեք, չի ուզենա՝ հրաժեշտ կտաք ձեր խղճուկ կյանքին: Ահա այն պրիմիտիվ մեթոդները, որ կիրառվում են մեր հասարակության նկատմամբ: Եվ պետք է ասել, որ արդյունավետորեն: Իսկ հանրությունը պայքարելու ոչ ուժ ունի, ոչ հավես: