Նախկին ու ներկա նախագահներին մահապատիժ է սպառնում

Նախկին ու ներկա նախագահներին մահապատիժ է սպառնում
Եգիպտոսի նախկին  նախագահ Մուբարաքի վիճակը պետք է որ սառը ցնցուղի ազդեցություն թողնի Սիրիայի եւ Լիբիայի նախագահների վրա: Նրա դատին վերաբերող մանրամասները պետք է ստիպեն դեռեւս իրենց աթոռին իբրեւ փրկօղակի կառչած նախագահներին գործել, գործել ու գործել ավելի եռանդուն ու ավելի հնարամտորեն, քան երբեւէ արել են իրենց պաշտոնավարման երկարուձիգ տարիների ընթացքում:



83-ամյա Հոսնի Մուբարաքը մեղադրվում է գազի եւ նավթի հետ կապված կոռուպցիոն գործունեության մեջ, եւ քանի որ եգիպտական օրենքներով մահապատիժն արգելված չէ, նրան հենց մահապատիժ է սպասվում: Եգիպտոսում մահապատիժն իրականացվել է հին ժամանակներից. այն նախատեսված էր Մաաթ կոչվող օրենքի ցանկացած խախտման համար`սպանության, գողության, սրբապղծության, փարավոնի կյանքի դեմ ոտնձգության, եւ, որքան էլ զարմանալի է, հետախուզության դեպքում:



Ժամանակակից Եգիպտոսը, նույն Մուբարաքի ղեկավարած կառավարությունը ժամանակ չգտավ մահապատժի վերացման հարցով զբաղվելու, եւ այժմ այդ կառավարության ղեկավարը կանգնած է  հատուցման վտանգի առջեւ: Ժամանակավոր ռազմական կառավարությունը հայտարարել է, որ ծերունի Մուբարաքի սիրտը թույլ է, եւ նա ի վիճակի չէ դատավճռին սպասել բանտում (նա գտնվում է հիվանդանոցում, կինը` նույնպես), բայց եգիպտացի ցուցարարներն արդարություն են պահանջում, որի ներքո հասկանում են, որ գործընթացը, անկախ հանգամանքներից, պետք է լինի լիարժեք ու առանց վերապահումների:



Կան եգիպտացիներ, ովքեր կարեկցում են զառամյալ Մուբարաքին` նրա մեջ տեսնելով նախկին քաջ զորավարին անգամ 30 տարվա կառավարումից հետո: Բայց զայրույթով լի եգիպտացիները մեծամասնություն են կազմում, եւ նրանց հանգստացնելը հեշտ չի լինելու. հեղափոխությունը նախաձեռնված էր ոչ միայն ժողովրդավարության անցնելու, այլեւ մեղավորներին պատժելու համար:



Լիբիայի նախագահ Քադաֆին ու Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նույնպես մտածելու շատ բան ունեն: Դատելով այն բանից, որ սեփական ժողովրդի դեմ պայքարում վերջիններս միջոց չեն խնայում, նրանք այլեւս կռվում են իրենց կյանքի եւ ոչ իշխանության կամ պաշտոնի համար: Տեսնելով, որ Թունիսի նախագահը պատժից խուսափեց՝ օթեւանելով արտերկրում, նրանք կարող էին ավելի լավատես լինել, բայց գործում են այնպես, ասես վստահ են, որ Հոսնի Մուբարաքի ճակատագրին են արժանանալու: Եվ մտավախությունն իզուր չէ. «Հյումըն րայթս վոչն» իր զեկույցներից մեկում քննադատել էր Սիրիայի կառավարության վարքագիծը. ասում են, որ աշխատում են մահապատիժը վերացնելու ուղղությամբ, բայց շարունակում են այն կիրառել:



Բաշար Ալ-Ասադը մեղադրյալի աթոռին հայտնվելու դեպքում կարող է ամենախիստ պատիժն ակնկալել. մահապատիժը նա չհասցրեց կամ չցանկացավ հանել Սիրիայի օրինական պատժաձեւերի ցուցակից: Ընդհանուր առմամբ, Սիրիայի ներկայիս կառավարությանը խիստ բնորոշ է կատվային քաղաքականությանը. երբ վերջերս ԱՄՆ-ն կոչ արեց ի վերջո սանկցիաներ կիրառել Սիրիայի նկատմամբ ռմբակոծությունից խիստ տուժած մի շինության ուսումնասիրությունը խոչընդոտելու համար (ՄԱԿ-ը կասկածում է, որ Սիրիան փորձել է ուրան հարստացնել այդ շենքում), Սիրիայի կառավարությունը, տարիների մերժումից հետո, ՄԱԿ-ին դիմեց սիրալիր թույլտվությամբ:



Սիրիան սիրում է մութ նպատակներով հետաձգել ու ժամանակ շահել, միայն թե այս անգամ դա վնասեց հենց կառավարության շահերին. կառավարության անդամներից շատերն ու ինքը` Բաշար Ալ Ասադը, շուտով սեփական կաշվի վրա կզգան դա: Սպառնալիքը կտարածվի կառավարության որոշ անդամների վրա եւս, որովհետեւ աչքի առաջ է եգիպտացի ոստիկանի օրինակը, ում 20 ցուցարար սպանելու եւ 15-ին վիրավորելու համար մահվան դատապարտեցին, ինչպես նաեւ Եգիպտոսի ներքին գործերի նախկին նախարարի օրինակը, ով, եթե հաստատվի, որ ցուցարարների վրա կրակ բացելու հրաման է տվել, նույնպես մահապատժի կենթարկվի:



Աստղիկ Սարգսյան