«Շեստոյի» արկածները կամ դրվագներ ոստիկանության առօրյայից...

«Շեստոյի» արկածները կամ դրվագներ ոստիկանության առօրյայից...
Վիեննայում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում կազմակերպված «Հայացք դեպի Ռուսաստան» խորագրով նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթական «ֆուրորն է արել»` կարդացած զեկույցով զանազան իմաստուն մտքեր արտահայտելով:



Օրինակ` վարչապետը խոսել է փոքր ու միջին բիզնեսի պարտադիր զարգացման ու պաշտպանվածության վերաբերյալ, որովհետեւ «առանց դրանց զարգացման` չկա քաղաքացիական հասարակություն», որովետեւ միայն ՓՄՁ-ները կարող են «ռեսուրս լինել` կոռուպցիայի դեմ պայքարում», որովհետեւ հենց նրանք կարող են օգնել պետությանը, որպեսզի վերջինս «կանխատեսելի ապագա ունենա»: Ընդ որում` նաեւ օտարերկրյա ներդրողների աչքին: Ու որպեսզի հանկարծ չթվա, թե վարչապետն այս գործում կառավարությանն առհասարակ չի տեսնում, Տիգրան Սարգսյանը նշել է, թե կառավարությունը հրաշալի պատկերացնում է, որ հաջողություններ կարելի է արձանագրել միայն կառուցվածքային բարեփոխումների միջոցով, իսկ դա էլ իր հերթին միայն քաղաքական կամքի գործադրմամբ է հնարավոր:



Վերջինս էլ ի հայտ է գալիս, «երբ իշխանության մեջ կա համոզմունք այն ծրագրերի ճշմարտացիության առումով, որոնք իրականացնում ես»:  Մի խոսքով` առաջին հայացքից համոզիչ տրամաբանական շղթա, ինչը, սակայն, մեր իրական կյանքում վերափոխվում- դառնում է «ուզում ենք լավ, ստացվում է` ինչպես միշտ»: Իսկ «ինչպես միշտ»-ի շրջանակներում լիովին է տեղավորվում այն խայտառակությունը, որ դեռ անցած տարվանից տեղի է ունենում ռուսական «Թեզ տուրի» հայաստանյան ներկայացուցչությունում:



Բայց նախ մի քանի տեղեկություն ընկերության վերաբերյալ: Համաձայն «ՏուրՊրոմի» պաշտոնական կայք-էջի` տուրիստական այս ընկերությունը հիմնադրվել է 1994-ին` ռուս գործարարներ Ալեքսանդր Սինիգիբսկու եւ Ալեքսանդր Բուրտինի կողմից: Ընկերությունն այնքան ու այնպես է ճանաչվել ռուսական միջավայրում (հատկապես հաջող է ստացվել Թուրքիա եւ Եգիպտոս տուրիստական փաթեթը), որ կամաց-կամաց ընդլայնել է բիզնեսը նաեւ ԱՊՀ-ում` մի քանի տարի առաջ հասնելով նաեւ Հայաստան: Ցավոք, այստեղ «Թեզ տուրը»  սկսում է աշխատել այնպիսի մի գործընկերոջ հետ, ինչպիսին «Մեջիք թայմն» է:



Վերջինս, փաստորեն, քիչ է հաջողում մյուս տուրիստական գործակալությունների համեմատությամբ` առավել շահավետ պայմաններով տուրիստական փաթեթներ «կորզել» «Թեզ տուրից», մի բան էլ 2010-ի ամառվա դրությամբ մոտ 400 հազար  ԱՄՆ դոլարի պարտք է կուտակում` ղեկավարների շուրթերով հայտարարելով, թե ոչ միայն չի պատրաստվում այդ գումարները վճարել, այեւ համառելու դեպքում «շեստոյում պրոբլեմ ա սարքելու պարտք ուզողի գլխին»:



Ի դեպ, երբեք չէինք մտածի, որ ստիպված կլինենք Հայաստանում պաշտպանել նաեւ ռուսական ընկերություններին, որովհետեւ «ռազմավարական դաշնակցի գործարարներն էլ են քաղցր մերոնց համար», բայց արի տես, որ դրան էլ հասանք, եւ «պարտք ուզողները» հիմա իսկապես պրոբլեմների մեջ են հենց միայն այն պատճառով, որ «Մեջիք թայմի» ղեկավարներ Դավիթ եւ Մհեր Մանուկյանների թիկունքում նրանց ազգական` ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսյանն է կանգնած:



Հենց այս մարդու հրահանգով են անցած տարվա դեկտեմբերի 11-ին «Թեզ տուրի» աշխատակիցները առանց որեւէ բացատրության հայտնվել ոստիկանությունում եւ առավոտից մինչեւ գիշերվա կեսը պահվել այնտեղ: Պատկերացնո՞ւմ եք` համարձակվել են ոչ միայն  պարտքի մարման մասին անընդհատ հիշեցնել, այլեւ դադարել են սպասարկել «Մեջիք թայմի» տուրիստներին:



Եվ պրոբլեմներն այնքան են խորացել, որ, համաձայն ռուսական ընկերության պաշտոնական տեղեկատվության (http://www.tourprom.ru /news/ 13199/), կայացվել է Հայաստանը լքելու որոշում: Բնական է. եթե ռուսական կողմի պնդմամբ` «իրենց ոստիկանությունում բաց տեքստով ասվել է, որ համառելու եւ պարտքը չեղյալ չհայտարարելու դեպքում երեւանյան գրասենյակի բոլոր աշխատողները խնդիրներ են ունենալու օրենքի հետ», ինչպե՞ս մնային: Խորհելու հրաշալի նյութ  Տիգրան Սարգսյանի համար. աչքիս` միայն դրանից հետո նա իր զեկույցը կսրբագրի: Մանավանդ «Թեզ տուրի» տեղեկատվության ներքո ընթացող ամոթալի քննարկումների եւ հայերիս հասցեին հնչող հիշոցների ֆոնին...



Բայց վերադառնանք նյութին` մեջբերելով «Թեզ տուրի» կոմերցիոն տնօրեն Ալեքսանդր Բուրտինին, ով ի լուր աշխարհի հետեւյալն է հայտարարել. «Հայաստանյան շուկան լքելու մեր որոշումը տեղական տուրիստական ընկերության` «Մեջիք թայմի» հետ առաջացած պատմության շարունակությունն է... Երբ բոլոր հարցերը լուծվում են ոչ թե օրենսդրական դաշտում, այլ հայկական «ըմբռնումներով», մենք այդտեղ հետագա աշխատանքի իմաստը չենք տեսնում»: Ինչպես ասում են` no comment. չմոռանանք միայն շնորհավորել Սերժ եւ Տիգրան Սարգսյաններին, որովհետեւ եւս մեկը մեզ մեղադրեց «կանխատեսելի» ոստիկանապետություն լինելու մեջ` «լայն բացելով» պոտենցիալ ներդրողների գրպանը...