Սերժ Սարգսյանը հանդես կգա հայտարարությամբ

Սերժ Սարգսյանը հանդես կգա հայտարարությամբ
Երեկ երեկոյան կառավարության հետնամասում` Մելիք-Ադամյան փողոցի վրա, համարյա արտակարգ իրավիճակ էր. «ջիպապատված» ու փակված էր փողոցը: Անվտանգության մոտ 40 աշխատակիցներ ու ոստիկաններ, ինչպես նաեւ «սպեցնազի» մի խումբ հսկում էին տարածքը: Սերժ Սարգսյանը մասնակցում էր ՀՀԿ գործադիրի նիստին, ու տարածքում արտակարգ իրավիճակ էր. չէր կարելի քայլել տվյալ մայթով, չէր կարելի մտնել ՀՀԿ, անգամ կանգնել ՀՀԿ-ի բակում, չէր կարելի նկարել հարկատուների փողերով գնված մեքենաները:



Ավելին, երբ սպասում էի նիստի ավարտին, որ խոսեմ հանրապետականների հետ, այդ ողջ ընթացքում անվտանգության աշխատակիցները փորձում էին ինձ հեռացնել տարածքից, թե՝ գնացեք այն կողմ, այստեղ չի թույլատրվում կանգնել, ռեժիմային տարածք է եւ այլն:



Ստիպված եղա ասել, որ արտակարգ որեւէ իրավիճակ չեմ տեսնում, ընդամենը նիստ է, իսկ օրենքը նման սահմանափակում չի նախատեսում: Մենք տեղեկություն ունեինք, որ նիստում քննարկվելու է ընդդիմություն-իշխանություն երկխոսության թեման, ինչպես նաեւ Կազանում ԼՂ խնդրով գործընթացը:



Նիստի ավարտից հետո, երբ Սերժ Սարգսյանը մյուսների հետ դուրս եկավ, նույն անվտանգության աշխատակիցներն ամեն ինչ արեցին, սեփական մարմնով փակեցին իմ դիմացը, որպեսզի հնարավոր չլինի նրան մոտենալ:



Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը մեր հարցին, թե ինչ է որոշվել երկխոսության հետ կապված, հայտարարեց. «Այն, ինչ ասել եմ, արդեն ասել եմ: Մոտ օրերս հայտարարություն կլինի»: Այս ասելով՝ հեռացավ: ՀՀԿ-ականները եւս պարտիզանական լռություն էին երեկ պահպանում, անհասկանալի է ինչու: ՀՀԿ փոխնախագահները նույնպես հրաժարվեցին որեւէ բան ասել:



Կազմակերպչական բաժնի ղեկավար Ռուբեն Թադեւոսյանը մեր հարցին, թե ի վերջո իշխանությունը գնո՞ւմ է երկխոսության, պատասխանեց. «ՀՀԿ-ն միշտ էլ բաց է եղել երկխոսության համար որեւէ քաղաքական ուժի համար»: Մեր հաջորդ հարցին, թե ի՞նչ է ասել երկխոսության մասին Սերժ Սարգսյանը, Թադեւոսյանը հայտարարեց. «Ոչ մի նոր բան»:



Մեզ հասած տեղեկություններով, առաջիկա օրերին՝ այսօր կամ վաղը, Սերժ Սարգսյանը հայտարարությամբ ընդդիմության հետ երկխոսության պատրաստակամություն է հայտնելու, սակայն այն լինելու է իշխանության ներկայացուցիչների նախորդ հայտարարությունների տրամաբանության շրջանակներում: Այսինքն՝ բանակցող պատվիրակության կազմ չի լինելու:



Ինչպես հայտնի է, ՀԱԿ-ը հրապարակել է իր բանակցող խմբի կազմը: Անհայտ է միայն, թե երկխոսությունն ի վերջո կկայանա՞, թե՞ ոչ:



Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն անընդունելի էր համարել երկխոսության համար պատվիրակություն ձեւավորելու եւ արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու Հայ ազգային կոնգրեսի առաջարկը:



«Դժվար չէ նկատել, որ այդ երկխոսությունը վաղուց է սկսվել, բավականին արդյունավետ ընթանում է եւ մի շարք դրական փոփոխությունների արդեն իսկ հանգեցրել է: Դա պարզապես այնքան ակնհայտ է, որ երկխոսություն սկսելու մասին խոսելն առնվազն տարակուսելի է: Ինչ վերաբերում է պատվիրակություն ձեւավորելու եւ արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու առաջարկին, ապա այստեղ թե առաջարկվող ձեւաչափը, թե դրվող հարցը, մեծ հաշվով, ուղղակի ինքնանպատակ են եւ, ինչպես դժվար չէր կռահել, անընդունելի»,- ասել էր Կարապետյանը:



Ընդդիմությունը հրաժարվեց մեկնաբանել Կարապետյանի հայտարարությունը՝ ասելով, որ սպասում է Սերժ Սարգսյանի պատասխանին: «Որոշումների կայացման (decision making) գործում զրոյական դերակատարություն ունեցող անձանց կարծիքը տվյալ պարագայում որեւէ նշանակություն չունի: Հետեւաբար, քանի դեռ իր տեսակետը չի արտահայտել Սերժ Սարգսյանը, անիմաստ է այդ մասին որեւէ բան ասել»,- հայտարարել էր Տեր-Պետրոսյանը` հավելելով.



«Միայն պետք է նկատի ունենալ, որ երկխոսությունը ոչ այնքան Կոնգրեսին, որքան իշխանությանն է անհրաժեշտ: Երկխոսության չկայացման դեպքում Կոնգրեսը ոչինչ չի կորցնի, այլ գուցեեւ քաղաքական տեսակետից շահի: Կորցնողը լինելու է առաջին հերթին իշխանությունը: Իսկ մեծ հաշվով՝ մենք բոլորս, այսինքն երկիրն ու ժողովուրդը»: