Կալա՞նք, թե գրավ

Կալա՞նք, թե գրավ
«Ֆեմիդա» հասարակական կազմակերպությունը  Եվրոպական հանձնաժողովի  աջակցությամբ  իրականացնում է «Դատական համակարգից դեպի անկախ դատական  իշխանություն» ծրագիրը, որի հիմնական նպատակն է ներկայացնել  մի շարք օրենսդրական առաջարկություններ` մարդու արդար դատավարության իրավունքի ավելի լիարժեք իրականացման համար:



Կալա՞նք, թե՞ գրավ,- դատավորի համար տանջալից հարց է: «Սխալ» որոշումը վտանգավոր է: Իսկ սխալ է այն  որոշումը, որը դատախազությանը «չի դզում», իսկ դատախազությանը «չի դզում» մեծ մասամբ գրավը (փոքր մասը կախված է կասկածյալի անձից ու շրջապատից):



Խեղճ իրավապահները տանջվում-չարչարվում են՝ «հանցագործին» բռնում-բերում, իսկ դատարանը հանգիստ բաց է թողնում այդ սրիկային: Դե հիմա գնա ու հետեւի, որ տվյալ սրիկան փախուստի չդիմի, վկաներին «բալամուտիտ» չանի, այլ գլխացավանքներ չստեղծի: Իսկ դատավորին, բոլոր դեպքերում, պետք է պատասխանատվության ենթարկել, որպեսզի հասկանա, որ չի կարելի օպերատիվ-հետախուզական աշխատանքի արդյունքներն այդպես արհամարհել: Տարիներ են անցել այն օրվանից, երբ խափանման միջոց ընտրելու իրավասությունը  դատախազությունից փոխանցվեց դատարանին:



«Վարիանտ» չկար, Եվրոպան էր դա պահանջում, բայց դատախազության սիրտը  դեռ ցավում է: Վերջինիս ջանքերով խափանման միջոց ընտրելու «գործերով» դատավորները սիստեմատիկորեն պատասխանատվության են ենթարկվում արդարադատության խորհրդի կողմից: Բայց միեւնույն է՝ դատախազության սրտի ցավը չի անցնում...



Քրեական դատավարության օրենսգրքի 135 հոդվածն ասում է. խափանման միջոցը կիրառվում է, երբ բավարար հիմքեր կան կարծելու, որ մեղադրյալը կարող է. 1) թաքնվել, 2) խոչընդոտել գործի քննությանը՝ դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու միջոցով, եւ 3) կատարել նոր հանցագործություն:



Այսինքն՝ խափանման միջոցը ոչ թե մեղադրվող անձի նկատմամբ կիրառվող պատիժ է, ինչպիսին է այն մեր երկրում, այլ միջոց, որն անհրաժեշտ է գործի քննության օբյեկտիվությունը պահպանելու համար:



Հիշեցնենք, որ՝ բացի կալանքից  ու գրավից, կան նաեւ խափանման այլ միջոցներ՝ ստորագրություն չհեռանալու մասին, անձնական երաշխավորություն, կազմակերպության երաշխավորություն, հսկողության հանձնելը եւ հրամանատարության հսկողությանը հանձնելը: Պարզ է, որ կալանավորումը խափանման միջոցներից ամենախիստն է:



Բայց քանի որ ամենավտանգավոր հանցագործները գործում են մեր տարածքում, ամենատարածված խափանման միջոցի տեսակը ՀՀ-ում կալանավորումն է: Ըստ ԱՄՆ իրավաբանների ընկերակցության ուսումնասիրության, միայն ոստիկանությունում հարուցված քրեական գործերի շրջանակներում 2007թ. դատարանների կողմից քննված կալանավորման համար ներկայացրած 2,849 միջնորդություններից բավարարվել են 2,780-ը կամ 97%-ը, 2008-ին՝ 2,915-ից 2,726-ը (93.5%), 2009-ին՝ 3,572-ից 3,362-ը (94.1%):



Սա նշանակում է, որ միջինը 95% դեպքերում դատարանները նախընտրում են ամենախիստ միջոց կալանավորումը: Լինելով հնազանդ բոլոր այլ պարագաներում, այս հարցում  նրանք  չեն ենթարկվում ՀՀ բարձրագույն դատական ատյան հանդիսացող վճռաբեկ դատարանին, որի՝ ժամանակին համապատասխանող, բացարձակ եվրոպական դիրքորոշումն այն է, որ կալանքը պետք է ընտրվի միայն ծայրահեղ դեպքում, երբ մնացած միջոցները սպառված են:



Մինչդեռ մեր դատարանները, առանց մնացած միջոցները սպառելու, առնվազն 95% դեպքերում ընտրում են կալանքը: Ինչպե՞ս է դա ընդունում «պրադվինուտի» բարձրագույն դատական ատյանը:



Իհարկե այնպես, որպեսզի ավելորդ լարվածություն չառաջանա հզորագույն կառույց հանդիսացող Գլխավոր դատախազության հետ:



Վերջապես, խոսքը հանցագործների մասին է, ու մեկ է՝  իրենց «սռոկը» նրանք կստանան, կալանքն էլ կմտնի էդ «սռոկի» մեջ: Իսկ տեղեկություններն այն մասին, որ կալանավորվածները գտնվում են ոչ երանելի պայմաններում ու վաղուց սովորել են հմտորեն ոչնչացնել մանր-մունր պարազիտ միջատներին, այդ տեղեկությունները խիստ չափազանցված են:



Միջատներին դնենք մի կողմ ու անդրադառնանք պետբյուջեին:  Հետաքրքիր է՝ ինչպես է երկրի ղեկավարությունը գնահատում այն, որ դատախազությունն ու դատարաններն ըստ էության թքած ունեն հայրենի պետբյուջեի վրա, որը  տուժում է  կալանավորվածների մեծ թվից: ԶԼՄ-ներում դրա վերաբերյալ որեւէ տեղեկություններ չկան:



Եվ այսպես, հայ մեղադրյալների 95 տոկոսը հակված է դիմել փախուստի, խոչընդոտել գործի քննությունը կամ կատարել նոր հանցագործություն՝ մինչեւ գործի վերջնական լուծումը: Ինչո՞վ է պայմանավորված կալանքի համատարած կիրառությունը՝ օրենսդրությա՞մբ, դատական ավանդույթո՞վ, թե՞ արտաքին ազդեցությամբ դատական համակարգի վրա:  Ամեն ինչով:



Ջուլիետա Ամիրխանյան