Մենք` պարապ, սփյուռքահայերն ու վարչապետը` թունդ զբաղված

Մենք` պարապ, սփյուռքահայերն ու վարչապետը` թունդ զբաղված
Վարչապետ Տիգրան Սարգսյանի լոնդոնյան այցի վրա այսչափ կենտրանացումը, որ դրսեւորվեց հատկապես էլեկտրոնային լրատվամիջոցներում, եւ սպասելի էր, եւ զարմանալի:



Սպասելի, որովհետեւ նույնիսկ ընտանիքի հետ տիկնիկային թատրոն գնալուց շքեղ հաղորդագրություն սարքող վարչապետից այլ բան չէինք էլ ակնկալում բրիտանական արքայազնի հետ հանկարծ «նույն հարթակի վրա հայտնվելու» պարագայում:



Նաեւ զարմանալի, որովհետեւ նույն CNN-ին տված հարցազրույցն իրականում այնպիսի խայտառակություն էր, որ վարչապետը դրա «ռասկրուտկայի պատվավոր գործն» ուղղակի պարտավոր էր թողնել իր թշնամիներին:



Բա էլ ինչպե՞ս այլ կերպ.  արդեն 13 տարի «հայրենասերները գլուխ են արդուկում», թե կովկասյան վագրի ցատկերով է զարգացել (նում) երկնիշ աճ արձանագրած մեր տնտեսությունը, վերջին երեք տարին էլ վարչապետն է հոգնեցնում «գիտելիքահենք տնտեսության» ու Հայկական աշխարհի հրաշքի մասին իր դասախոսություններով, եւ հանկարծ օտար լրագրողը վրա է բերում մի պարզ ճշմարտություն, թե էդ ո՞նց եք սկսել ավելի լավ ապրել, այսինքն նաեւ կառավարել, եթե 2000-ին ձեր երկրի արտահանումը ՀՆԱ-ի 20%-ն էր, իսկ այս տարի` 12%-ը:



Ինչ է պատասխանում վարչապետը` լսել եք, չկրկնենք: Մանավանդ որ ավելի «համով պատառ կա առջեւում», որ վերաբերում է Սփյուռքի մեր հայրենակիցների ներդրումներին (ի դեպ, Լոնդոնում վարչապետը կրկին հանդիպեց նաեւ տարբեր երկրներից ժամանած սփյուռքահայ գործարարների` նրանց խնդրելով ժամանել Հայաստան եւ գլուխ գլխի տալ նոր ծրագրեր կյանքի կոչելու գործում):



Ա՜յ դա էր իրական խայտառակությունը. խոստովանել, որ ցանկացած պահի կառավարությունը կարող է «կանտորան փակել ու գնալ տուն»` միանալու 60-70% այն հայաստանցիներին, ովքեր պարապ-սարած նստել են տանը` ոչինչ չանելով (տեսնես ո՞ւմ մեղքով): Բան չի փոխվի այսինքն. միեւնույն է` նրանց փոխարեն ՀՆԱ-ի 60-70%-ը ապահովել ու կապահովեն սփյուռքահայերը:



Ինչ վերաբերում է «տակը մնացած» 40%-ին, դա էլ մխիթարություն չէ. եթե մեջտեղից հանենք բյուջեից սնվողներին, երեխաներին, ուսանողներին, ստացվում է, որ Հայաստանում գործ անող չկա. բոլորը պարապ նստած են, եւ միայն սփյուռքահայերն են աշխատում, առավել եւս` ներդրում անում...



Հիմա մենք ինչ պիտի անե՞նք: Ասենք` ստո՞ւմ եք, ասենք` եթե անգամ ճիշտ եք, չթողեցիք, որ մարդիկ գո՞րծ անեն, թե՞ ասենք` ձեր դարդից հայաստանցիները դրսում են աշխատում` փողը ներս բերում, էդքան էլ պարապ չեն: Բայց ինչ էլ ասենք` ավելորդ է: Մանավանդ, որ վարչապետի «օգտին» ապացույցներ էլ կան:



Հրեն` դեռ կարգին «չէր իջել ինքնաթիռից», ժամեր անց արդեն սփյուռքահայ հնչակ Սեդրակ Աճեմյանի կառուցած «Անի Ռեզորթ» հյուրանոցի բացման ժապավենն էր կտրում Հանքավանում: «Լոնդոնում հանդիպումներ  ունեցա տարբեր ներդրողների հետ. թեման Հայաստանի տնտեսական զարգացումն էր:



Ուրախ եմ, որ վերադառնալով` մասնակցում եմ այսպիսի գեղեցիկ նախաձեռնության: Հուսով եմ` սա վարակիչ կլինի նաեւ այլ սփյուռքահայերի համար... Այսպիսի հիասքանչ հյուրանոցային համալիրը մեծացնում է նաեւ մեր տուրիստական գրավչությունը»,- Հանքավանում ասել է վարչապետը:



Հիմա սա, անշուշտ, ուրախալի բան է, որովհետեւ խորհրդային տարիների «Էրեբունի» առողջարանական համալիրի տեղում 7 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ժամանակակից համալիր է կառուցվել  40 սենյակներով ու 12 քոթեջներով, որոնց շնորհիվ կարելի է մոտ 140   հյուր ընդունել: Լավ է եւ այն, որ շինարարության ընթացքում մոտ 2 հազար հոգի աշխատանք է ունեցել` ստիպված չլինելով մյուսների պես բռնել «խոպանի ուղին»:



Արտակարգ է, որ շուտով նաեւ ագարակ է կառուցվելու համալիրին կից, որում սեփական գյուղմթերքն են աճեցնելու: Ուրախ ենք նաեւ այն բանի համար, որ դահուկային ճանապարհներ են կառուցվելու, գործելու են սահադաշտ, լողավազան, խաղադաշտ: Կա նաեւ ուրիշ կարեւոր հանգամանք. Սեդրակ Աճեմյանի որդին` Հարութ Աճեմյանը, հայտարարել է, թե իրենց ընտանիքում սերնդափոխություն է տեղի ունեցել, եւ այժմ էլ ինքն է կապվել հայրենիքին` ստանձնելով շինարարության, իսկ առաջիկայում` հանգստի գոտու ղեկավարությունը: Բայց:



Արդյո՞ք բոլոր սփյուռքահայերն են իրենց հայրենիքում հաջողում` Սեդրակ Աճեմյանի ընտանիքի նմանությամբ: Քի՞չ են արդյոք այն սփյուռքահայերը, ովքեր Հայաստանում «քցվել» ու հեռացել են անդարձ` այլեւս երբեք չվերադառնալու պայմանով: Նրանք, ովքեր աշխատում են` քի՞չ խնդիրներ ունեն Հայաստանում, կախված չե՞ն վարչախմբի «բարեհաճությունից»: Այ եթե վարչապետն այս հարցերին էլ պատասխաներ, շնորհակալ կլինեինք:



Ի վերջո, հայաստանյան հնչակները Սեդրակ Աճեմյանի հաջողությունները կապում են սոսկ վերջինիս` «վարչապետի մարդը լինելու», նախկինում ՀԱԿ-ում «ներդրված ական լինելու» եւ ընդհանրապես` 124-ամյա ՍԴՀԿ-ն «քանդելու հետ»:



Ուղիղն ասած, իհարկե, տարօրինակ է, երբ նախավերջին 19-րդ համագումարում ընդունված որոշման համաձայն` «անհաշտ ընդդիմադիր պայքար ծավալելու պատրաստ» մեկը հանկարծ  դառնում է իր «պայքարի սուբյեկտների» սիրելին, երբ սփյուռքահայ լինելով` ՀՀ կուսակցությունների մասին օրենքի խախտմամբ Հնչակյան անունով նոր կուսակցություն է գրանցում Հայաստանում` ի հակակշիռ իրական-հայաստանյան հնչակների, եւ երբ հանկարծ Փարիզում դեսպան Վիգեն Չիթեջյանի հետ հանդիպման ժամանակ հանդես է գալիս Համահայկական խորհուրդ ձեւավորելու առաջարկով, «որուն գլուխ կկանգնի սիրելի եւ հարգելի նախագահ Սերժ Սարգսյանը»:



Դրանից հետո էլ գալիս՝ ավանդական կուսակցությունների պարագլուխների հետ փակ-գաղտնի ժողով անում` լրագրողների առաջ հրաժարվելով «փացել փագագձերը»:  Դե ոչինչ. մխիթարվենք նրանով, որ այս տարիներին շատերը «չեն բացել փակագծերը», բայց նաեւ քչերն են հյուրանոցի դռներ բացել...