Նիստ եւ ընտրություն

Նիստ եւ ընտրություն
Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել՝ մի շարք օրենքներ չեն հասցրել ընդունել: Հիմա ամենահարմար պահն է, որ ամենակարեւոր օրենքները, ինչպես ասում են, «սղղացնելով» անցկացնեն: Թեեւ անշուշտ՝ այս խորհրդարանում մի ձեռքի մատների վրա կարելի է հաշվել նրանց, ովքեր քիչ թե շատ ծանոթանում են այն օրինագծերին, որոնք պետք է քվեարկեն: «Քիչ իմանաս՝ երկար կապրես» ասացվածքը հենց մեր պատգամավորների համար է մտածված: Իսկ թե հետո քանի «խելոք» կտանջվեն, որ այդ հարյուր «հիմարի» նետած քարը փոսից հանեն, բնականաբար՝ նրանց չի հետաքրքրում: Մենք՝ լրագրողներս, հենց նման մի խելապակաս օրինագծի զոհը դարձանք, որն ընդունել են, հիմա փոխել չեն ուզում, բայց կիրառելն էլ կարծես չի ստացվում: Խոսքը քաղաքացիական օրենսգրքում ի վնաս մամուլի կատարված փոփոխությունների մասին է: Թե այսօրվա արտահերթ նիստում քանի նման նախագիծ կընդունվի, եւ ինչ աղետալի հետեւանքներ կունենան դրանք՝ դեռեւս հայտնի չէ: Բայց օրը միայն տարբեր օրենքների ընդունմամբ չի աչքի ընկնելու. Երեւանի պետական համալսարանի խորհուրդը ռեկտոր է ընտրելու: Թվում է՝ մայր բուհի ղեկավարի պաշտոնը մեզանում ամենակարեւոր պաշտոններից է, քանզի ԵՊՀ-ն սոսկ կրթօջախ չէ, այլ գիտության կաճառ, մտավորականության դաստիարակության եւ կայացման դարբնոց, մտքերի ու հայացքների բախման սրբատեղի, որը, ցավոք, տարեցտարի այլասերվել է, կորցրել իր դերն ու նշանակությունը, վերածվել մի շարքային բուհի, որտեղից անգամ նորմալ մասնագետներ չեն դուրս գալիս, ուր մնաց՝ երկրի ղեկավարներ, գիտության ու արվեստի նշանակալի գործիչներ: Զարմանում ես՝ ինչպե՞ս կարելի էր այսքան նսեմացնել մայր բուհի դերը, այն վերածել մի դուքանի, որտեղ «դիրեկտոր» դառնալը հասանելի լիներ անգամ Արամ Սիմոնյանին: