Ռոբերտ Քոչարյանը որպես վկա հանդես չի գա

Ռոբերտ Քոչարյանը որպես վկա հանդես չի գա
Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի գործով նախնական դատական նիստը: Ինչպես նախապես գրել էինք, այս ընթացքում կողմերը պետք է քննարկեին դատական վեճը հաշտությամբ ավարտելու տարբերակը, սակայն դատական նիստին պարզ դարձավ, որ հաշտություն չի կայացել, քանի որ հայցվոր կողմի ներկայացուցիչները հերքման տեքստի տպագրումը դիտում էին որպես հաշտության նախապայման: Այսօրվա դատական նիստին «Հրապարակի» ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը կրկին փորձեց հստակեցնել հայցի առարկան, թե հատկապես որ բառերն ու արտահայտություններն են որակվում որպես զրպարտություն, որոնք՝ վիրավորանք: Հայցվորի ներկայացուցիչներ Արփինե Մելիքբեկյանն ու Սարգիս Գրիգորյանը այսօր եւս պնդեցին իրենց միջնորդությունը՝ որպես վկա դատարան հրավիրել «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանին եւ վիճահարույց հոդվածի հեղինակ Լուսինե Պետրոսյանին: Արա Զոհրաբյանը իր հերթին միջնորդեց նման պարագայում որպես վկա հրավիրել նաեւ ՀՀ նախկին նախաագահ Ռոբերտ Քոչարյանին, քանի որ նրանից լավ ուրիշ ոչ ոք չի կարող ասել, թե հատկապես ինչից է վիրավորվել: Դատարանը ներկայացված միջնորդությունները բավարարեց մասնակի: Հաջորդ դատական նիստին վկայի կարգավիճակով դատարան կհրավիրվի հոդվածագիր Լուսինե Պետրոսյանը: Մանրամասները «Հրապարակի» վաղվա համարում: