«Ոսկե ծիրանի» ծիրանային անցուդարձը

«Ոսկե ծիրանի» ծիրանային անցուդարձը
Կիրակի օրը՝ հուլիսի 10-ին, քաղաքը «Ոսկե ծիրանով» էր շնչում. ծիրանային էր տրամադրությունը, ծիրանոտ էին մարդիկ ու աֆիշները, ավելի քան ծիրանագույն էր Երեւանը: Ամեն ինչ տրամադրող էր 8-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնի համար՝ կարմիր գորգ, բացօթյա երաժշտություն, «Մոսկվա» կինոթատրոնի տանիքին ու աստիճաններին տեղավորված լուսանկարիչներ եւ, իհարկե, աշխարհահռչակ դեմքեր: Չնայած փառատոնի հանդիսավոր բացումը նախատեսված էր ժամը 20:00-ին, բայց 19:00-ից «Մոսկվա» կինոթատրոնի Շառլ Ազնավուրի հրապարակում արդեն մարդիկ էին հավաքվել:



Հետաքրքիր կինոաուրա էր ստեղծվել, ու մի տեսակ տոնի զգացողություն կար, որին բոլորն էին ուզում մասնակից լինել: Դա երեւում էր անգամ մարդկանց արտաքին տեսքից. փառատոնի համար պատրաստվել էին բոլորը՝ կինոգործիչներից մինչեւ սովորական կինոսեր հանդիսատեսը: Կարմիր գորգի առկայությունը շատերին երեկոյան զգեստներ, կոստյումներ էր պարտադրել:



Վերջապես կարմիր գորգի վրա, չնայած իր 62-ամյա տարիքին, թեթեւասահ քայլքով երեւաց փառատոնի պատվավոր հյուրը՝ ֆրանսիացի դերասանուհի Ֆաննի Արդանը, ում ուղեկցում էին ՀՀ վարչապետը, մշակույթի նախարարը, Հարություն Խաչատրյանը, ինչպես նաեւ փառատոնի մեկ այլ աստղային դեմք՝ իրանցի ռեժիսոր Աբաս Քիարոստամին: Իսկ կինոթատրոնի ներսում, ինչպես եւ դրսում, մարդաշատ էր:



Վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքով՝ արդեն անհնար է պատկերացնել ամառն առանց այս փառատոնի, որը ստիպում է Երեւանին ապրել այլ տրամադրությամբ: Փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանն էլ, օգտվելով վարչապետի ներկայությունից, հույս հայտնեց, որ 10-րդ փառատոնն արդեն կանցկացվի հատուկ փառատոնային կենտրոնում, որը հնարավորություն կունենա ընդունել շուրջ 1500 հանդիսատեսի, ապա ակնարկեց վարչապետի ժպիտը՝ ընդունելով այն որպես հավանության ու համաձայնության նշան:



«Ոսկե ծիրանի» գլխավոր մրցանակով՝ «Փարաջանովյան թալերով» պարգեւատրվեց Ֆաննի Արդանը՝ արվեստում ունեցած ներդրման համար, ինչը, դերասանուհու խոսքով, պարտավորեցնող է, քանի որ «ոչ մի մրցանակ չի կարելի ընդունել՝ առանց այն շահելու»: Հարություն Խաչատրյանն էլ Մանթաշյանի ադամանդակուռ շքանշանով պարգեւատրեց արդեն 6 տարի փառատոնի գլխավոր հովանավոր «Վիվասել-ՄՏՍ-ի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, ում հետ միասին էլ փառատոնը հայտարարեցին բացված:



Հանդիսավոր մասից հետո փառատոնը մեկնարկեց Աբաս Քիարոստամիի «Վավերացված պատճենը» ֆիլմով, որի գլխավոր դերակատարուհին՝ Ժուլիետ Բինոշը, Կաննում մրցանակ է ստացել լավագույն դերակատարման համար: Նշենք, որ առաջիկա 7 օրերին մրցութային 4 անվանակարգում ներառված ֆիլմերը գնահատելու է 6 պրոֆեսիոնալներից կազմված միջազգային ժյուրին: Ծիրանային օրերը «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում խոստանում են լինել հետաքրքիր ու կինոցուցադրումներով առատ: