Աչքիս` բոլորին են ուզում երկխոսեցնել

Աչքիս` բոլորին են ուզում երկխոսեցնել
Լսե՞լ եք, որ Երեւան կատարած այցի ավարտին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցող Ակսել Ֆիշերը ողջունել է կոալիցիայի եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ ծավալվող երկխոսությունը:



ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն` Ֆիշերը հույս է հայտնել, որ զուգահեռաբար կառուցողական երկխոսություն կկայանա նաեւ կոալիցիայի եւ խորհրդարանական ընդդիմության միջեւ: Պահո՜ո՜ո՜… ՀԱԿ-ը համաձա՞յն է այս ձեւակերպմանը, իսկ խորհրդարանական ընդդիմությո՞ւնը։



Այստեղ մեծ ցանկություն առաջացավ պարոն Ակսել Ֆիշերին (ինչ էլ շախմատային ազգանուն ունի) մի աֆրիկյան անեկդոտ պատմել։ Եթե ժամանակ ունես, սիրելի ընթերցող, դու էլ լսիր։



Դեպքը պատահել է Մադագասկարի հարեւան երկրներից մեկում, անունը լավ չեմ հիշում։ Ինչ որ է։ Նապաստակն անտառով խրած փախչում է, ու մեկ էլ արջն է ելնում դիմացը.



- Շլդիկ, էդ ինչո՞ւ ես լեղապատառ փախչում, չէ՞ որ անտառում մեծ հաշտություն է հիմա, եւ արգելված է փոքրերին նեղացնել։



- Է՜, քեռի, նեղացնեին ավելի լավ կլիներ,- շունչը մի կերպ տեղը բերելով` ասում է նապաստակը։



- Բան ասա՝ բան հասկանամ,- փնթփնթում է քեռին` վատ բան գուշակելով։



- Ի՞նչ ասեմ, քեռի ջան, արծիվը, առյուծն ու աղվեսը մտել են անտառ եւ, արական սեռի բոլոր կենդանիների երրորդ ամորձին հեռացնելով, գալիս են։



Արջը քահ-քահ ծիծաղում է, հետո, ուշքի գալով, դարձյալ դիմում է նապաստակին.



- Շլդիկ, քոնոնք քանի՞սն են։



- Երկուսը,- պատասխանում է նապաստակը` աչքերը խոնարհելով։



- Ուրեմն դու անհանգստանալու ոչ մի պատճառ չունես, հիմարիկ, հը՜, հը՜, հը՜։



- Չէ, քեռի, դու ինձ ճիշտ չհասկացար։ Նրանք կտրում-բացում են, հետո են հաշվում… Իմ կարծիքով` ճիշտը նրանցից հեռու լինելն է։



Դեռ որեւէ մեկը մնա՞ց, որ չգուշակեց արջի հաջորդ քայլը։ Երեւի միայն Ակսել Ֆիշերը եւ առաջավոր Եվրոպայի մյուս բնակիչները, որոնց թվում է, թե արջը հիմա պետք է ընդառաջ գնա արծվին, առյուծին եւ աղվեսին` յուր ճակատագրի շուրջ բանակցելու։ Չէ, եղբայր Ֆիշեր, արջն ավելի խելոք վարվեց, քան Դուք եք ենթադրում։ Նա լսեց նապաստակի խորհուրդը։ Եվ արջն իրավացի էր։ Նրա կողքով վազող մի ընձուղտ պատմեց, որ ինքը, երկար վզի շնորհիվ, վերեւից տեսել է, թե ինչպես են սպիտակ խալաթ հագած արծիվը, առյուծն ու աղվեսը կտրել ու հաշվել հաստագլուխ ռնգեղջյուրի ամորձիները, երբ վերջինս, կոտոշը դեմ տված, ուզեցել է տո լի բանակցել, տո լի երկխոսել նրանց հետ, որ ձեռք քաշեն այդ անիմաստ հաշվարարությունից։



Հիմա Ֆիշերը եկել, մեզ ասում է, թե Եվրոպայում վաղուց երազում են Հայաստանի իշխանական կոալիցիայի եւ ընդդիմության կառուցողական երկխոսության մասին։ Մի բան էլ մատ է թափ տալիս, թե կոալիցիայի հետ պարտավոր են երկխոսել ոչ միայն արմատականի անուն հանած ընդդիմադիրները, այլեւ խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները։ Էս մարդը կրակ ա։ Կտրելուց հետո էլ ի՞նչ կառուցողական, էլ ի՞նչ բան, այ քեռի Ֆիշեր։



Տեղափոխվենք Հայաստան եւ գանք մեր ժամանակները։ Տեսնո՞ւմ եք, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն ինչ պուպուշն ա։ Տեսա՞ք կոալիցիայի հետ համատեղ ուժերով ինչ զեկույց պոկեցին Եվրոպայից` Եվրոպան երազում էր այսպիսի Հայաստանի մասին եւ այսօր արդեն կոչ է անում նրա բոլոր կուսակցություններին` առավելագույն ճկունություն եւ բարեխղճություն դրսեւորել` երկխոսությունը հաջողությամբ պսակելու համար։



Իսկ Ֆիշերը տեղյա՞կ է, թե ինչի շուրջ են երկխոսում կամ, որ ավելի ճիշտ կլինի ասել` ինչի շուրջ են պատրաստվում երկխոսել ՀԱԿ-ն ու իշխանությունները, տեղյա՞կ է, որ ՀԱԿ-ը մինչեւ սեպտեմբեր ժամանակ է տվել իշխանություններին, եւ չի բացառվում, որ վերջիններիս համբերությունն սպառվի, եւ նրանք անցնեն գույքագրման աշխատանքներին։ Երեւի Ֆիշերն իր խոսքը պետք է ուղղեր ՀԱԿ-ին եւ ոչ թե խորհրդարանական ընդդիմությանը կոչ աներ կառուցողականություն դրսեւորել։



Այլապես, երբ հարգարժան եվրոպացին խոսում է առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին, որոնք պետք է լինեն առանց խախտումների եւ հավատ ներշնչեն մարդկանց, առանձին տողով չի մանրամասնում` հերթակա՞ն, թե՞ արտահերթ ընտրություններն ինքը նկատի ունի։



Այ այստեղ ՀԱԿ-ը կարող է կոտոշը դեմ տալ ու արտահերթ պահանջել, այ այստեղ կոալիցիան կարող է զայրանալ, այ այստեղ կարող է եվրոպացիների երազանքն օդում մնալ, ու արդեն խորհրդարանական ընդդիմությունն էլ ոչնչով չի կարող օգնել ՀԱԿ-ին` խուսափելու անհարկի վիրահատությունից, որ նույնն է՝ հերթական ընտրություններից, որոնք վրա կհասնեն այնպես աննկատ, ինչպես աշխատանքային հագեցած օրվա երեկոն։



Աշոտ Սահակյան