Երկու թիմ

Երկու թիմ
Այսօր տեղի է ունենալու Հայ ազգային կոնգրես-իշխանություն երկխոսության երրորդ ռաունդը: Առաջին երկուսն ընդամենը նախապատրաստական փորձեր էին՝ միմյանց ծանոթանալու, իրար տրամադրությունները շոշափելու, օրակարգ հաստատելու: Ի վերջո, օրակարգում երկու կետ ամրագրվեց՝ բավական իրարամերժ: Մեկն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների հարցը, մյուսը՝ «ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոնների ձեւավորման»: Անհասկանալի է, թե այս երկու հարցն ինչպես են համատեղվելու: Եթե ենթադրենք, որ արտահերթ ընտրությունների հարցը դառնալու է քննարկման առարկա եւ ընդունվելու է իշխանության կողմից, ապա, անշուշտ, կարող է քննարկվել նաեւ «կանոնների» հարցը: Այսպես ասած՝ որ արտահերթ ընտրություններն անցկացվեն քաղաքակիրթ մեթոդներով, առանց կեղծիքի ու բռնության: Սակայն, դատելով իշխանական տարբեր գործիչների ելույթներից, արտահերթ ընտրությունների թեման օրակարգում ընդգրկելը մի նպատակ ունի միայն՝ կոպտորեն եւ միանգամից երկխոսությունը չընդհատելը, այսպես ասած, երկխոսության ձեւական կողմը պահպանելը: Անկեղծ ասած՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե մանկահասակ երեխաների երկու թիմ փորձում են իրար «ֆռռացնել»: Ամեն մեկը հույս ունի, որ պրիմիտիվ խաղով կկարողանա անցկացնել իր ուզածը: Կկարողանա ժամանակ շահել, իր ասածն առաջ տանել, համոզել մյուս կողմին: Իսկ եթե այդպես չէ, ապա մանկահասակ երեխաների կարգավիճակում մենք ենք՝ հասարակությունը, որին փորձում են «ֆռռացնել» այս երկու թիմերը: Իրենց պրիմիտիվ խաղով ուզում են քաղաքական պայքարի իմիտացիա ստեղծել, համոզել, որ հոգ են տանում երկրի ու ժողովրդի համար: Ազնիվ են իրենց մտադրություններում ու ծրագրերում: