Վերջում Դավուշը քնեց (մաս 2-րդ)

Վերջում Դավուշը քնեց (մաս 2-րդ)
(Սկիզբ)



«Ո՞նց եք», հարցնում եմ Խանումին ու հայացքս փախցնում, որովհետև Խանումն  ինձ կասկածանքով է վերաբերվում,  իսկ որպիսությունը միևնույն է,  հարցնում եմ,  որովհետև քիչ է մնում անծանոթների որպիսությամբ էլ  հետաքրքրվեմ, թե չէ կմեռնեմ:



Իսկ Խաթունի, էհ, Խանումի հետ երկու օր առաջ ծանոթացել ենք, ես` ժպտալով, նա` ծուռ ժպտալով: Քոչարյանաժպիտ  եմ ասում էդ ժպիտին: Իրար չհասկացանք: Խանումից անցնում եմ Ալվինային, որ ծղոտե գլխարկը մազերին` խոտի մեջ չգիտես ինչ է որոնում: Գլխարկը մազերին եմ ասում, որովհետև գլուխը չէր մտել,  հենց մազերի խրձին էլ նստած էր մի կերպ:



Այնպես, որ, եթե կողքին կանգնած կովը բառաչեր, գլխից ընկնելու էր: Իսկ Ալվինային  չեմ հարցնում` ոնց եք, այլ`  ոնց եք, լա՞վ եք, հարցիս մեջ ներդնում եմ պատրաստի պատասխանը, որ կուզեի լսել Ալվինայից: Բայց նա չլսելու է տալիս ակնարկս:



«Արևի տակ մարդը ո՞նց կլինի»,- պատասխանում է` խոտի մեջ կորցրածը մի պահ հանգիստ թողնելով,«լավն էն ա, որ ոտդ քցես ոտիդ,..»,- «կոֆե խմես»,- շարունակում եմ ես: «Այ, այ»,- ընդունում է Ալվինան: Ու ես մի ավելորդ անգամ հիանում եմ, որ էսքան հասկացող, խելացի, ջոկող, գեղեցկուհի, կոմերիտուհի, մի խոսքով ընտիր աղջիկ եմ եղել ու չեմ իմացել:



«Ամբողջ օրը կոֆե խմելն էլ մի բան չի»,- հիշում եմ ես սերիալներում ոտը ոտին քցած, կոֆե խմող, մազի ամեն մի ճյուղը մի կողմ շրջած ու մի տոննա լաք փչած, հնարավոր բոլոր գույներով ներկված հերոսուհիներին: Ու հասկանում եմ, որ անկեղծ ուզում եմ, որ բարի Ալվինան լավ լինի: Իսկ հերոսուհիներին խղճում եմ,  ու անցնում ենք առաջ: Ես Դավուշին եմ սայլակով զբոսանքի դուրս բերել մեր գյուղի փողոցով, Անուլիկն էլ կպել է պոչիցս ու գալիս է:



«Անուլիկ»,- ասում եմ,- լավ տոտա է Գայանը, բարևենք, հա՞»,- թույլտվություն եմ վերցնում ու զիլ ձայնս ուղեկցելով ձեռքերիս ու ոտքերիս թույլատրած բոլոր շարժումներով, ողջույնս մի կերպ տեղ եմ հասցնում: Մի քիչ քայլում ենք լուռ ու իմ «լավ տոտա» բնորոշմանը Անուլիկը պատասխանում է.«Մենք էլ Ոսկի տատի ունենք»: Ես ըմբռնումով գլխով եմ անում: Քանի դեռ Դավուշը չի գազազել, որ իրեն փոխարինել եմ բնապատկերներով, մի փոքր էլ ենք քայլում: Դավուշը` սայլակի մեջ աչքերը պսպղացնելով, կովին է փնտրում, Անուլիկը բռնել է սայլակի եզրից, երևակայում է, իբր ինքն է քշում, ես էլ երևակայում եմ, թե ես էլ էս երկուսի երրորդն եմ:



Ճանապարհին Հասմիկին ենք հանդիպում, ու Անուլիկը, իմ «լավ տոտաների» քանակից ընդարմացած, հետևում է Դավուշի օրինակին: Մինչ երկուսով կովին են փնտրում, ես կիսում եմ Հասմիկի զարմանքը այն գյուղացիների հանդեպ, «որ տոկոսներ ունեն, բայց բան չեն անում, պարապ նստել են»:



«Կոֆե են խմում»,- մտքում ավելացնում եմ: «Մենք սաղ օրը չարչարվում ենք, հազիվ ենք յոլա գնում, էդ մարդիկ ինչ են մտածում, չեսհասկանում>>,- ավելացնում է Հասմիկը: Իսկ կովը ավազի բլրի ետևում է կապված: Ես իմ հարյուր յոթանասուն սանտիմետրի բարձունքից նկատում եմ նրան, իսկ երեխաները փնտրում-փնտրում են ու դրանից էլ են հոգնում: Երբ ասում եմ կովի տեղը, կասկածանքով ինձ են նայում, մինչև կովը, ի թեթևացումն ինձ, բառաչում է: Էդ էր պակաս, որ սուտ խոսելու մեջ մեղադրեին ինձ: Չէ, Աստված կա: էս ընթացքում պարզվում է, որ  Հասմիկի եղբայրը քրոջը հրավիրել է միասին ծով մեկնելու, խոստացել է բոլոր ծախսերը հոգալ, բայց խեղճը չի կարող, որովհետև կովին նայող չկա:



«Ախպերս ասում ա` քուր լայաղ չես անու՞մ գաս»,- բողոքում կամ հպարտանում է Հասմիկը: Հաստատ չեմ կարող ասել: «Դե, կովը շաբաթ-կիրակին չի հասկանում»,- ընդգծում եմ ես կենդանու բթությունը` ի շահ տիրոջ: «Չէ հա, ինչ շաբաթ կիրակի»,- վրդովվում է Հասմիկը:



Հերթով գրկում-բարձրացնում եմ Անուլիկին, հետո Դավուշիս, որ կովին տեսնեն, թե չէ խեղճ  երեխաները քիչ մնաց վիզները կոտրեն, իսկ անտեսանելի կովը իր բառաչներով զարդարում է մեծերիս զրույցն ու միանգամայն ավելորդ խթանում փոքրերի հետաքրքրասիրությունը:



Կովին տեսնելու միսիան կատարած երեխաները բավարարված են, ու քանի որ մութն ընկնում է, համերաշխորեն երկուսն ու երրորդս ուղևորվում ենք տուն:



Աստղիկ Սարգսյան