Փափազից մինչեւ Դքի Նորո

Փափազից մինչեւ Դքի Նորո
Հարցազրույց քրեական թեմաներով գրող Սերգեյ Գալոյանի հետ



Նրան փողոցում կամ սրճարաններում հազվադեպ կարելի է հանդիպել: Միշտ աշխատում է, գիրք է գրում: Հիմա էլ տպագրության է պատրաստում նոր գիրք՝ «Ապրիր Երեւանում գոնե հազար տարի» վերնագրով:



- Երեւանի ու երեւանցիների մասին է, 1941-2011 թվականների, հիմնականում 1960-1980-ականների մասին: Որովհետեւ այդ 25-30 տարում Երեւանը դեռ քաղաք էր, ավելին՝ աշխարհի հրաշալի քաղաքներից մեկն էր, որտեղ սերն էր թագավորում, որտեղ մարդիկ ուժեղ էին, որովհետեւ բարի էին, որտեղ ամեն ինչ գեղեցիկ էր՝ հայի հագով չափված-ձեւված: Դա մեր քաղաքն էր, որ իր շունչն ուներ, իր ոգին, իր դիմագիծը, որտեղ մարդիկ աշխատում էին, որտեղ մեծ մարդիկ էին ապրում՝ մեծերը: Հապա պատկերացրեք՝ փողոցով անցնում էին Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Երվանդ Քոչարը, Հովհանես Շիրազը, Մհեր Մկրտչյանը, Գոհար Գասպարյանը, Հրանտ Մաթեւոսյանը, Լեւոն Ներսիսյանը...



- Ինչ է, մեր բոլոր մեծերն անցան-գնացին, հիմա արդեն գաճաճների՞ ժամանակն է:



- Չէ, ինչո՞ւ, փառք Աստծո, հիմա էլ կան, ապրում են Գրիգոր Գուրզադյանը, Սոս Սարգսյանը, Տիգրան Մանսուրյանը, Պերճ Զեյթունցյանը, Հակոբ Հակոբյանը: Երեկ չէ, մյուս օրն էր, որ մեզանից, չէ, մեր գլխից գնաց Օհան Դուրյանը: Ահա այս մարդիկ Երեւանը Երեւան էին պահում: Հիմա էլ: Համ կար, բույր կար այդ քաղաքում: Ակնածանք կար մեծերի նկատմամբ:



- Ովքե՞ր կան Ձեր գրքում:



- Մհեր Մկրտչյանը, Հրաչյա Ներսիսյանը, Վահրամ Փափազյանը, Լեւոն Ներսիսյանը, Գոհար Գասպարյանը, Նորայր Թադեւոսյանը՝ Դքի Նորիկը...



- Դքի Նորո՞ն էլ:



- Ի՞նչ կա զարմանալու: Առաքելիչը եղել է Երեւանի ամենահարգարժան եւ հեղինակություն վայելող մարդկանցից մեկը, արվեստի շատ ու շատ մեծերի բարեկամը: Օրինակ, Շիրազին պաշտում էր, Շիրազն էլ սիրում էր Առաքելիչին: Այս գիրքը գրելու ժամանակ ես հանդիպեցի ոչ միայն Նորայր Թադեւոսյանի հարազատներին, այլեւ արվեստի մարդկանց: Վլադիմիր Աբաջյանն ու Հրաչյա Աշուղյանը հավաստեցին, որ երբ թատրոնում ներկա էր լինում Առաքելիչը, մեկ-երկու րոպեով արտիստներն ընդհատում էին ներկայացումը եւ նրան հատուկ պատիվ տալիս:



- «Օրենքով գողերն» այդպիսի պատվի՞ էին արժանանում:



- Ի՞նչ «օրենքով» կամ «օրենքից դուրս» գող: Նորայր Թադեւոսյանը երբեք «օրենքով գող» չի եղել: Դա 60-ամյա կույս ժուռնալիստուհիների հնարածն է: Նորայր Առաքելիչը Երեւանի հեղինակություններից մեկն էր, իսկ «հեղինակություն» բառը Երեւանում այլ՝ դրական իմաստ ուներ:



- Իսկ նշանավոր, բայց հասարակ մարդիկ կա՞ն գրքում, որոնք հենց քաղաքային ֆոլկլորի կրողներն էին:



- Կան՝ եւ Կարաբալան, եւ Ապարանից Երեւան փախած, փրկված Դալուլեն, եւ միլիցիոներ Անդրեն... որոնք հրաշալի համ էին տալիս մեր քաղաքին:



- Բոլորին, որոնց մասին գրում եք, տեսե՞լ եք, հանդիպե՞լ եք:



- Մի քանիսին՝ ոչ: Բայց ահա գնացի-գտա Անահիտ Թոռլանյան անունով մի անուշիկ տիկնոջ, որը եղել է Վահրամ Փափազյանի սղագրուհին: Շատ հետաքրքիր բաներ պատմեց հանճարի մասին: Լեւոն Ներսիսյանն իմ դասախոսն է եղել, Էդմոն Ավետյանի հետ զրուցել եմ ու ձայնագրել, Մհեր Մկրտչյանի հետ վեց տարի շարունակ զրուցել եմ, ճանապարհ գնացել, մարդկանց հանդիպել: Գոհար Գասպարյանի եւ Սիլվա Կապուտիկյանի հետ հանդիպել-զրուցել եմ նրանց համար ամենածանր ժամանակներում...



- Մինչեւ ո՞ւր է հասնում պատմությունը գրքում:



- Մինչեւ մեր օրերը: Օրինակ, 1993թ. հունիսի 14-ին Ստեփանակերտում, ԼՂՀ Գերագույն խորհրդի շենքում, երբ Ռոբերտ Քոչարյանը չի հասկանում «ստորացում» բառի իմաստը, Լեւոն Տեր-Պետրոսյանը խոստանում է. «Ռոբերտ, պատերազմից հետո ես քեզ մի տարի գրաբար կդասավանդեմ»: Ես հիմա մտածում եմ, որ կամ դասավանդումը չի իրականացել, կամ որեւէ օգուտ չի տվել, որովհետեւ Քոչարյանը հայոց հարուստ լեզվից սովորեց միայն «կլիզմա» եւ «մոսկա» բառերի իմաստը: Կամ ուրիշ օրինակ. կարդացի, թե ինչպիսի տարօրինակ բաներ է ասել Սերժ Սարգսյանը 2011թ. սեպտեմբերի 14-ին ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առիթով արտասանած ճառում: Ահա. «Այժմ, երբ մեր պետությունն իր կյանքի գարնանը բոլորում է իր քսաներորդ անկախ աշունը, ուզում եմ արձանագրել մի աննախադեպ եւ անձեռակերտ նվաճում: Այդ նվաճումը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է...»: Ուրեմն էսպես, ՀՀ քաղաքացին ոչ միայն աննախադեպ է, այլեւ՝ անձեռակերտ: Ուղղակի ապշել կարելի է:



- Սա Ձեր վերջի՞ն գիրքն է, թե՞ ուրիշ գրքի վրա էլ եք աշխատում:



- Արդեն պատրաստ է 650-700 էջ ծավալով հանցագործությունների հանրագիտարանը, որտեղ ընդգրկված են մարդկության պատմության վերջին 2200 տարում արձանագրված կարեւոր հանցագործությունները:



- Այսինքն, չե՞ք հրաժարվում քրեական թեմաներից:



- Չէ, սա ավելի շուտ հանրագիտարան է, որը կհետաքրքրի շատերին: Օրինակ, գիտե՞ս, որ մինչեւ մեր «Հոկտեմբերի 27-ը» նմանատիպ երկու հանցագործություն եղել էր՝ Չիլիում եւ Ռումինիայում: Որ կալանավայրերից ամենախոշոր փախուստն արձանագրվել է Վրաստանում 1993 թվականին: Որ Ինտերպոլը «ծնվել է» մի գող կնոջ պատճառով: Որ 1919թ. հունվարի 19-ին կարգին տղերքը թալանել են Ուլյանով-Լենինին: Որ մեր հայրենակից Սիմոն Արշակի Տեր-Պետրոսյանը «օրենքով գող» էր, եւ Կամո անունը նրա գողական մականունն էր: Որ Պալմա-դե-Մալյորկա քաղաքի փոստատար Գաբրիել Մարչ Գրանդոսը պատժաչափի բացարձակ ռեկորդ է սահմանել՝ դատապարտվելով 384 հազար 912 տարվա ազատազրկման: Որ...



Ֆելիքս Եղիազարյան