«Ժառանգությունը» Գյումրիում

«Ժառանգությունը» Գյումրիում

Հոկտեմբերի 19-ին «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները հանդիպեցին գյումրեցիների հետ: Տիկնիկային թատրոնի լեփլեցուն դահլիճում ԱԺ համանուն խմբակցության պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը, Լարիսա Ալավերդյանը, Արմեն Մարտիրոսյանը, Զարուհի Փոստանջյանը, կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, իսկ հավարտ հանդիպման` Րաֆֆի Հովհաննիսյանը, անդրադարձան Գյումրու եւ Շիրակի մարզի հիմնահարցերին, յուրօրինակ հաշվետվություն ներկայացրին «Ժառանգության» համակողմանի գործունեության վերաբերյալ:



Բոլոր ելույթներում արծարծվեց աղետի գոտու վերականգնմանն ու այդտեղ աշխատատեղերի ստեղծմանը, բնակարանաշինության որակի ու ժամկետների խստիվ պահպանմանը, ավտոմեքենաների վրացական պետհամարանիշերի փոփոխությանը, ինչպեսեւ կենսահույզ այլ թեմաների վերաբերող խնդիրների լայն շրջանակ, որոնց «Ժառանգությունն» ավելի վաղ առնչվել է` հասնելով որոշակի դրական արդյունքների:



Կուսակցության հաշվետվությունը ներկայացնելիս  նշվեց, որ չնայած փոքրաթիվ լինելուն` «Ժառանգությունը» ԱԺ-ում 4 տարվա իր գործունեության ընթացքում հանդես է եկել մյուս խմբակցությունների համեմատ ամենամեծ թվով օրենսդրական նախաձեռնություններով ու առաջարկներով: Նրանից ավելի մեծածավալ օրենսդրական աշխատանք խորհրդարանում կատարել է միայն կառավարությունը, որն ունի հատուկ այդ նպատակով կազմավորված հսկայական աշխատակազմ եւ միջոցներ:



Խոսվեց փոքր եւ միջին բիզնեսին աջակցելու անհրաժեշտության մասին, ինչը թե´ աղետի գոտու եւ թե´ ողջ հանրապետության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ամենակարճ ճանապարհն է: Պատգամավորները թվարկեցին օրենսդրական այն քայլերի ու նախաձեռնությունների ոչ ամբողջական ցանկը, որոնցով հանդես գալով` «Ժառանգությունը» փորձել է լուծել տեղական արտադրողների համար պարզեցված հարկը պահպանելու, նվազագույն աշխատավարձը կենսապահովման զամբյուղի նվազագույն շեմին համապատասխանեցնելու, մարդկանց ավանդները վերադարձնելու եւ կարեւոր այլ հարցեր:



«Ժառանգության» ներկայացուցիչները գյումրեցիներին կոչ արեցին ավելի ակտիվ լինել սեփական իրավունքների պաշտպանության եւ առաջիկայում ազատ ու արդար ընտրությունների անցկացման հարցում: Ընտրակաշառք երեւույթը պետք է հիմնովին արմատախիլ արվի, որովհետեւ սոցիալապես անապահով մարդկանց բաժանվող 5000-10000 դրամները իշխանությունները, վերարտադրվելուց հետո, ընդամենը մեկ ամսվա ընթացքում ետ են բերում` հացի, շաքարավազի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների գները բարձրացնելով: Ժողովրդի արդար ընտրությամբ ձեւավորվող օրինական իշխանությունը, ինչպես հավաստեցին հանդիպման մասնակիցները, ի վիճակի է միայն կոռուպցիայի հաղթահարման եւ 40 տոկոսի հասնող «ստվերը» հարկման դաշտ բերելու միջոցով շեշտակի բարձրացնել բնակչության եկամուտները` աշխատավարձերը, թոշակները, սոցիալական նպաստները, ինչպես նաեւ էապես թեթեւացնել փոքր եւ միջին բիզնեսի հարկային բեռը:



Իր  ելույթում Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ Գյումրին` իբրեւ Հայաստանի երկրորդ խոշորագույն տնտեսական ու մշակութային կենտրոն, պետք է վերականգնի եւ վերահաստատի իր երբեմնի տեղն ու դերը երկրի կյանքում: Նա գյումրեցիներին հորդորեց ավելի գործուն մասնակցություն բերել ՀՀ ներքաղաքական կյանքին` բոլոր մակարդակների ընտրությունների ժամանակ քվեարկելով միմիայն խղճի մտոք:



Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների թվում «Ժառանգության» առաջնորդը մատնանշեց սպառնալից չափերի հասած արտագաղթի դեմն առնելու եւ հասկանալի պատճառներով հայրենիքը լքած մեր հայրենակիցներին վերադարձնելու հրամայականը: «ՀՀ քաղաքացին պետք է վերատիրանա իր հայրենիքին, իր արժանապատվությանը, պետությանը, վերջինս էլ պարտավոր է երաշխավորել արդար, հավասար տնտեսական պայմաններ, ապահովել մարդկանց քաղաքական, սոցիալական եւ մյուս բոլոր իրավունքները»,- շեշտեց Հովհաննիսյանը` ընդդիմության հետագա պայքարի մարտավարության համատեքստում նշելով, որ այդ շարքերում ոչ ոք չպետք է իրեն միակը համարի: Նրա խոսքով` «անհրաժեշտ է ստեղծել փոխվստահության վրա խարսխված համագործակցային մթնոլորտ, միասնաբար պայքարել, որպեսզի Հայաստանում 1991-ից ի վեր առաջին անգամ անցկացվեն ազատ եւ արդար ընտրություններ»:



Վերջում «Ժառանգության» առաջնորդը պատասխանեց գյումրեցիների հարցերին, որոնք, ի մասնավորի, վերաբերում էին 2008թ. մարտի 1-ին իշխանափոխության բաց թողնված հնարավորությանը, տնտեսության ազատականացման վերաբերյալ կուսակցության պատկերացումներին, հանքարդյունաբերության եւ տնտեսության մի շարք այլ ճյուղերի զարգացման հեռանկարներին, Արցախի անկախության ճանաչմանն ու հայ-թուրքական արձանագրություններից հայկական կողմի ստորագրության չեղարկմանը: Պատասխաններին զուգընթաց Հովհաննիսյանը կարեւորեց պատգամավորների հետկանչի առնչությամբ ընտրողների իրավունքի ամրագրումը, սահմանադրական փոփոխությունների միջոցով քաղաքական համակարգի կատարելագործումը եւ շատ այլ խնդիրներ, որոնք մշտապես «Ժառանգության» տեսադաշտում են: