Պրեսկոտին մի մեղադրեք

Պրեսկոտին մի մեղադրեք
Մի քանի օր է՝ հայ հանրությունը եւ մասնավորապես սոցիալական ցանցերում ապրող անձինք քննարկում են Ջոն Պրեսկոտի երեւանյան վերջին այցը: Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով զեկուցող Ջոն Պրեսկոտն իսկապես բավական նյարդային պահեց իրեն՝ էլ ձեռքը խփեց սեղանին ու ընդհատեց խոսողներին, էլ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներին կոպտեց ու լռեցրեց: Իսկ ամենավերջում էլ նախագահ Սերժ Սարգսյանին գովեց ու երկրի առաջընթացի մասին զարմանալի ու զայրացնող մտքեր հայտնեց: Այսքանը բավական էր, որ հայ հանրությունը, հատկապես երկրի ներկա վիճակից դժգոհ հատվածը, «նախշեր» Պրեսկոտին՝ նրան ամենադաժան որակումները տալով: Բայց եկեք այս ամենին նայենք եվրոպացի պաշտոնյայի տեսանկյունից: Նա, ի պաշտոնե, հայտնվել է մի տարածաշրջանում, որի մասին նախկինում անգամ աղոտ պատկերացում չուներ: Իր հայտնված պահից իսկ մենք՝ տաքարյուն կովկասցիներս, նրան ուղղակի ռմբահարել ենք մեր պրոբլեմներով, նրա վզին ենք փաթաթել տասնամյակների ընթացքում մեր բոլոր չլուծված խնդիրները, նրա հետ ենք կապել նորմալ երկիր ունենալու, արդար ընտրություններ անցկացնելու, վատ իշխանությունից ազատվելու, լավ իշխանություն ունենալու եւ բազում այլ հույսեր: Նրան բողոքել ենք մեր վատ պաշտոնյաներից, կոռումպացված քննիչ-դատավորներից, ընտրակեղծարարներից, ռազմատենչ հարեւաններից, առհասարակ՝ հայի բախտից: Բամբասել ենք Պրեսկոտի ականջին ու մեկս մյուսիս հասցեին վերջին զրպարտություններն ասել: Ցույց ենք տվել մեր փողասիրությունն ու շահամոլությունը, մեր վախկոտությունն ու անընդունակությունը: Եվ ի՞նչ պետք է մտածեր մեր մասին իր կամքից անկախ Հայաստանում հայտնված այս պաշտոնյան: Ինչ վերաբերմունք պետք է ունենար մեր նկատմամբ եւ ինչքան պետք է հոգնած լիներ մեզնից: