Հինգ տարի անց

Հինգ տարի անց
Հրանտ Դինքի մահվան 5-րդ տարելիցին նվիրված բողոքի ցույցի տեսարանը տպավորիչ էր: Հինգ տարի առաջ այս օրերին Թուրքիան փոթորկվել էր հայազգի մտավորականի սպանության փաստից, եւ դա ինչ-որ տեղ հասկանալի էր՝ երիտասարդ, ազնվական մարդու, մեծ մտավորականի մահը ցնցել էր երկիրը: Բայց հինգ տարի անց «ոխերիմ» թշնամու զավակներից մեկի մահվան տարելիցին նվիրված ակցիան ինձ համար, անկեղծ ասած, անսպասելի էր: Ստամբուլում հավաքված մարդկանց երթին հետեւելիս ես ակամայից ինձ բռնացրի մի արտառոց մտքի վրա՝ արդյո՞ք մենք՝ հայերս, կելնեինք փողոց օտարազգի մեկի սպանության առիթով: Առավել եւս, եթե այդ մեկը մեր հայրերի ու պապերի կողմից հռչակված լիներ թշնամի, եւ մեր ազգի պատմության յուրաքանչյուրը էջը թաթախված լիներ նրա հանդեպ ատելությամբ ու վրեժով: Մեզնից ո՞վ կհաղթահարեր արյան կանչն ու գենետիկ թշնամանքը եւ իր կրծքին կփակցներ՝ «ես թուրք եմ», ու կելներ փողոց՝ հանուն առաջադիմության, մարդասիրության ու հանդուրժողականության: Լայնախոհությունը, ցավոք, հայկական դրսեւորում չէ: Անգամ այս տողերը գրելիս մտածում եմ, որ ասածս միանշանակ չի ընդունվելու, եւ ինձ հանդիմանողների պակաս չի լինելու: Իսկ երբ «Ֆեյսբուքում» հանդիպեցի «թուրքը մնում է թուրք» արտահայտությանը եւ կարդացի. «Այսօր թուրքերն աշխարհին կփորձեն ցույց տալ իրենց «քաղաքակիրթ» լինելը, հետո կգնան տուն ու Ալլահին կխնդրեն, որ Օգյուն Սամասթի նման ազգային հերոսներ թուրք ազգը շատ ունենա», հասկացա, որ մենք անգամ դիմացինի քայլը պատշաճ գնահատել չենք կարող: Կասկածն ու սուբյեկտիվությունը, անհանդուրժողականությունն ու պահպանողականությունը թույլ չեն տալիս մեզ աշխարհին նայել լայն բացված աչքերով: Մենք տեսնում ենք այն, ինչ տեսել են մեր հայրերն ու պապերը: Իսկ աշխարհը շատ է փոխվել: