Ոչ թե միջոց, այլ նպատակ

Ոչ թե միջոց, այլ նպատակ
Ընկերս վրդովված բողոքում է՝ «Որ ալիքը միացնում ես, կամ ցեղասպանությունից ու ցեղասպանությունը հերքող օրենքից են խոսում, կամ՝ ընտրություններից: Այս երկրում ուրիշ ոչինչ չի՞ կատարվում: Չկա ոչ գյուղատնտեսության, ոչ արդյունաբերության, ոչ տնտեսության ու մշակութային, կրթական ու հոգեւոր որեւէ խնդիր, որեւէ այլ հոգս ու հարց՝ ամեն ինչ ծառայեցրել են մայիսի ընտրություններին»: Ես մեղավոր-մեղավոր լսում եմ նրան ու մտածում, որ մեր թերթն էլ կարծես հիմնական մասով «աշխատում է» ընտրությունների վրա: Ով որտեղ է առաջադրվելու, ով ում հետ է կռիվ տալիս, որ կուսակցությունն ինչ է բաժանում, ինչպես է ցուցակներ կազմում եւ այլն: Ընտրությունների մասին է մեր հոդվածների թերեւս երկու երրորդը: Երկիրը թաթախվել է ընտրությունների մեջ, շնչում-ապրում է ընտրություններով, ամեն ինչ պտտվում է դրանց շուրջ: Երբեմն այդ թեման իհարկե ընդմիջվում է: Ինչպես վերջին օրերին էր ընդմիջվել եւ սեւեռվել Ֆրանսիայի Սենատի ու հայտնի օրինագծի ուղղությամբ: Բայց եթե մի քիչ խորքը նայենք, ապա ակնհայտ կդառնա, որ անգամ այդ թեման ծառայեցվեց ընտրություններին, որոշ ուժերի քարոզչությանն ու առաջիկա ընտրապայքարին: Ես այս իրավիճակի իմ բացատրությունն ունեմ: Ավելի շուտ՝ արդարացումը. մեր երկիրն այլեւս չի կարող իր ուսերին կրել եւս մի կեղծված ընտրություն եւ ընտրություններին անմիջականորեն չմասնակցող մարդկանց, ու մամուլի այս ավելորդ-ընդգծված ուշադրությունը նաեւ մեր տագնապով, վախով ու նորմալ ընտրություններ անցկացնելու մեծ ցանկությամբ է բացատրվում: Բայց միաժամանակ հասկանում եմ, որ այն երկիրը, որտեղ ընտրությունը չի ծառայում լավ ապրելուն, զարգացմանն ու առաջադիմությանը, այլ նորմալ ընտրություն անելը դառնում է գերնպատակ ու անլուծելի խնդիր, դատապարտված է: