Նախընտրական դեմագոգիա

Նախընտրական դեմագոգիա
Երբ ամանորյա տոներից վերադառնալուց հետո մեր քաղաքական դաշտը միանգամից ձեռնամուխ եղավ համամասնական-մեծամասնական ընտրակարգերի հետ կապված բուռն քննարկմանը, թվաց հենց այդպես էլ պետք է լիներ: Դե, ընտրությունների շեմին պետք է բարձրացվեն արդար ընտրություններ անցկացնելու մեխանիզմների, անօրինականությունները կանխելու եւ օրենսդիր աշխատանքով զբաղվելու անընդունակ անձանց չեզոքացնելու խնդիրները: Եթե մեր աչքի առաջ տարիներ շարունակ մեծամասնական ընտրակարգով տարբեր օլիգարխներ, քրեածին տարրեր ու կիսագրագետ անձինք են ներթափանցել ԱԺ, պետք է դրա դեմն առնել: Եվ այս առումով կուսակցությունների պայքարը հասկանալի էր ու ողջունելի: Բայց այս ամենի մեջ մի բայց կար, որը ոչ մի կերպ չի տեղավորվում այսօր ընթացող պրոցեսների համատեքստում, եւ որի մասին երեկ բարձրաձայնել է ՀՀԿ խոսնակը: ՀՀ Ընտրական օրենսգիրքը՝ այսօրվա տեսքով, ընդունվել է անցած տարվա մայիսին: Այսինքն՝ ընդամենը մի 7-8 ամիս առաջ: Ինչո՞ւ այդ օրենսգիրքն ընդունելու շրջանում չկար այս իրարանցումը, այս քննարկումներն ու բողոքի ակցիաները, համատեղ հայտարարություններն ու կոմյունիկեները, լսումներ անցկացնելու առաջարկները, օրենսդրական փոփոխություններ անելու փորձերն ու սպառնալիքները: Դեռ կարելի է հասկանալ արտախորհրդարանական ուժերի վիճակը: Ինչ որ կերպ կարելի է ըմբռնել նաեւ «Ժառանգության» եւ Դաշնակցության պասիվությունը՝ փոքրաթիվ ուժերով չէին կարող հաջողության հասնել: Բայց ինչո՞վ բացատրել ԲՀԿ-ի պահվածքը, որը ժամանակին ձայն չի հանել մեծամասնականը վերացնելու առումով, ավելին՝ կողմ է քվեարկել, իսկ այժմ միանում է առաջադիմական պայքարին: Երբ այդ պայքարը կարող էր արդյունք տալ, լռում էին, իսկ երբ «գնացքն արդեն գնացել է», դիվիդենտնե՞ր են հավաքում: