Անակնկալների ժամանակը

Անակնկալների ժամանակը
Մտել ենք գաղտնի ու բացահայտ հանդիպումների, ամենաանհավանական դաշինքների ու դավանափոխությունների ժամանակաշրջան: Այս փուլում է, որ պարզվում է մարդկանց ու կուսակցությունների իրական դեմքը՝ երբ պարզվում է, որ երեկվա ոխերիմ թշնամին կարող է դառնալ սիրելի բարեկամ, իսկ գաղափարական հակառակորդը՝ «ճամփի» ընկեր: Ո՞ւմ մտքով կանցներ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ամենամտերիմ զինակից, նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանը կարող է բանակցել եւ համագործակցության եզրեր փնտրել Ռոբերտ Քոչարյանի իշխանության կարկառուն ներկայացուցիչ Վարդան Օսկանյանի հետ: Կամ՝ ՀԱԿ անդամ մարքսիստ Դավիթ Հակոբյանը, որ ժամանակին կուրծք էր ծեծում իշխանափոխության համար, կարող է հայտնվել ԲՀԿ սայլի մեջ: Կամ՝ մի քանի կոալիցիոն հուշագիր ստորագրած եւ Սերժ Սարգսյանին ընդամենը օրեր առաջ ադամանդակուռ հովազ նվիրած Գագիկ Ծառուկյանը կարող է հանդգնել եւ մեծամասնական ընտրակարգով բոլոր տարածքներում թեկնածուներ դնել ընդդեմ ՀՀԿ-ականների: Մի խոսքով, եկել է անակնկալների ժամանակը: Բայց անգամ եթե մենք հոգեբանորեն պատրաստ ենք ցանկացած բնույթի անակնկալի, դժվար է համակերպվել, որ նորից խորհրդարանում են հայտնվելու այնպիսի հանգած-մարած դեմքեր, ինչպիսիք են Արտաշես Գեղամյանը, Հայկ Բաբուխանյանը, Խոսրով Հարությունյանը: Ինչքան ողբալի վիճակում պետք է լինի երկիրը, որ ընտրողները նրանց կամովին ձայն տան, եւ ինչքան ողբերգական պետք է լինի այն ուժի վիճակը, որ նրանց կամովին ընդգրկի իր շարքերում: Անգամ ամենավառ ֆանտազիայի դեպքում շատ դժվար է պատկերացնել, թե ինչ հույսեր է նրանց հետ կապում Սերժ Սարգսյանը եւ ինչու է որոշել նրանց տանել խորհրդարան: Եթե որոշել են ազատվել ՀՀԿ վետերաններից, ապա նրանք հաստատ մի քանի անգամ գերադասելի են այս «նորերից»: