Խայտառակություն

Խայտառակություն
Երեկ առավոտից շրջանառվող լուրին ոչ մի կերպ չէինք ուզում հավատալ: Այսինքն՝ ինչպե՞ս, ի՞նչ հանցանք կարող է կատարած լինել հայտնի լրագրող Հայկ Գեւորգյանը, որ իշխանությունը գնացել է նրան ձերբակալելու «համարձակ» քայլին: Մինչեւ հիմա հալածանքների թիրախ էին Հայկի որդիները՝ ՀԱԿ երիտասարդ ակտիվիստները, հիմա անցան հորը: Բացատրությունն առավել տարօրինակ էր եւ անհամոզիչ: Իբր Հայկը մարդ է գցել մեքենայի տակ: Ասում ենք՝ իբր, ոչ թե այն պատճառով, որ Հայկի նման գերզգույշ մարդը չէր կարող մեքենայի տակ մարդ չգցել՝ այս աշխարհում ամեն ինչ կարող է պատահել: Այլ այն պատճառով, որ անգամ եթե գցել է եւ անգամ եթե մարմնական վնասվածքներ է պատճառել, դա չէր կարող ձերբակալության բավարար պատճառ լինել: Չէր կարող պատճառ լինել ոչ միայն այն պատճառով, որ Հայկ Գեւորգյանն օրինավոր քաղաքացի է, այլեւ այն պատճառով, որ այս պարագայում կալանքը պարտադիր չէ, անհրաժեշտ չէ, չի բխում մեր հասարակության եւ անգամ իշխանության շահերից: Ընդհանրապես՝ ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքում կալանք կիրառում են բացառիկ դեպքերում: Անգամ երբ մեր Գայանե Բաբայանին մահացու վրաերթի էին ենթարկել, մեղավորին ձերբակալեցին մի քանի օր անց, իսկ եթե մամուլի բարձրացրած աղմուկը չլիներ, հնարավոր է ընդհանրապես չձերբակալեին: Առակս զի՞նչ ցուցանե՝ այս բոլորը խոսում է այն մասին, որ ընդդիմադիր թերթի լրագրողի նկատմամբ պարզունակ հետապնդում է իրականացվում: Եվ այս հետապնդումը խոսում է հետապնդողների փոքրոգության, վախի, անմտության մասին: Ամենացավալին այն է, որ թեեւ այս ձերբակալության գլխավոր մեղավոր է հռչակվել ոստիկանապետ Վովա Գասպարյանը, սակայն կարելի է պնդել, որ նա երբեք չէր համարձակվի լրագրող ձերբակալել՝ առանց վերադասի հետ համաձայնեցնելու: