Անսկզբունք եւ հեղհեղուկ

Անսկզբունք եւ հեղհեղուկ
Ինչո՞ւ է մեր քաղաքական գործիչներին թվում, թե կարող են նայել ընտրողի աչքերի մեջ ու ստել, եւ դա անհետեւանք կանցնի, քանի որ «քաղաքականությունն անբարոյականություն է»: Սրանք անգամ ժողովրդական ասացվածքները չեն լսել ու չգիտեն, որ «ստի ոտերը կարճ են»: Ասենք, ի՞նչ են մտածում մի հսկա կուսակցության ղեկավարը եւ նրա արբանյակները, երբ տեսագրված ու ֆիքսված զենքի առկայությունը համառորեն ժխտում են եւ իրենց դնում ծիծաղելի վիճակի մեջ: Դրանից հետո այլեւս ո՞վ կհավատա նրանց զանազան հերքումներին ու պնդումներին: Էլ չենք խոսում խոստումների ու երդումների մասին: Կամ երբ ամենաբարձր մակարդակով՝ ՀՀ նախագահի ու վարչապետի շուրթերից հավաստիացումներ են հնչում, որ ոչ մի գործարար չի հայտնվելու խորհրդարանում, սակայն ամիսներ հետո ոչ միայն մեծամասնականով, այլեւ անգամ համամասնական ցուցակներում նորից ծլում են այդ յոթգլխանի, անմեռ էակները, ինչո՞ւ պետք է ժողովուրդը հավատա նրանց, որ «կփոխվեն» ու մեր կյանքը կփոխեն: Փոխելու եւ փոխվելու միակ ու ամենահամոզիչ փաստարկը կլիներ բոլորի աչքի «մազոլը» դարձած այդ բիզնեսմենների անհետանալը քաղաքականությունից, ինչը, ցավոք, չարվեց: Եվ ինչո՞ւ պետք է մարդիկ հավատան Տեր-Պետրոսյանին ու իր ղեկավարած ուժին, եթե նրանք անսկզբունք ու հեղհեղուկ կնոջ նման մեկ մեկի հետ են բանակցում, մեկ՝ մյուսի: Եվ ուզում են դաշինք կազմել այնպիսի ուժերի հետ, որոնց տարիներ շարունակ հայհոյել են ու քննադատել: Ո՞վ կսպասեր, որ ժամանակին Դաշնակցություն փակած Տեր-Պետրոսյանն ու իր ոխերիմ «թշնամին» մի օր կհայտնվեն նույն նավակում եւ իրար մեջ կտեսնեն առաջընթացի ու երկիրը փրկելու բանաձեւը: Իսկ ճամբար ու սկզբունք փոխողներին ոչ ոք չի սիրում: Անգամ մեր ամեն ինչ հանդուրժող, աղքատ ու հոգնած ժողովուրդը: