Սիրիահայերը Ջավախքո՞ւմ

Սիրիահայերը Ջավախքո՞ւմ
Երեկ մենք էլեկտրոնային փոստով մի ուշագրավ նամակ ենք ստացել «[email protected]» հասցեից: Նամակը ռուսերեն է, վերնագրված է. «Դիմում-Սիրիա», ստորագրված է՝ «Ռուսաստանի ջավախքյան սփյուռք», որ նույնն է, թե անստորագիր է: Ի՞նչ է ասված դիմումում: Նկարագրված է Սիրիայում տիրող վիճակը եւ անհանգստություն է հայտնված սիրիահայերի ճակատագրի համար: Նշված է, որ աշխարհի հայության հետ միասին Սամցխե-Ջավախքի հայերը եւս տագնապած են ու բազմաթիվ նամակներ են հղում իրենց հասարակական կազմակերպությանը: Թե ինչու են Ջավախքի հայերը գրում Ռուսաստանի հայերին, պարզ չէ: Սակայն ոչ միայն անհանգիստ են, այլեւ պատրաստ են Սիրիայից գաղթողներին «ժամանակավոր ապաստան տրամադրել իրենց տարածքում»:



Եվ ռուսահայերը դիմում են Վրաստանի իշխանություններին ու ժողովրդին՝ խնդրանքով, որ «պարտադրված էմիգրացիայի դեպքում արգելք չհանդիսանան սիրիահայերի ժամանելուն ու Ջավախքի տարածքում տեղավորվելուն»: Ինչպես նաեւ՝ ֆինանսապես օգնեն ներգաղթողներին: Դիմում են նաեւ հայկական իշխանություններին՝ խնդրելով ամեն ինչով օժանդակել սիրիահայերի՝ Վրաստան տեղափոխվելուն: Եվ վերջում մի քծնական նախադասություն հայ-վրացական բարեկամության մասին: Անշուշտ, հասկանալի է այս պարզունակ տեքստի նպատակը, եւ այն բխում է շատ հայերի հայրենասիրական-ազգայնական տրամադրություններից:



Բայց այս տեքստը կարդալիս տարբեր հարցեր են ծնվում: Ուզում ես հարցնել՝ եղբայր, ձեր հայրենի հողն է դատարկվում մեծ արագությամբ, իսկ դուք մտածում եք Ջավախքը «ձեզնով անելու» մասին: Ղարաբաղի շուրջ անվտանգության օղակ հանդիսացող եւ մոտ 20 տարի ձեր տնօրինության տակ եղած հողատարածքները չկարողացաք բնակեցնել ու «ձեզնով անել»:Բայց կարծում եք, հույս ունեք, որ սիրիահայը կգա ու կբնակվի՞ Ջավախքում: