«Հանրապետություն» կուսակցություն. Երիտասարդները քաղաքական հետապնդման զոհեր են

«Հանրապետություն» կուսակցություն. Երիտասարդները քաղաքական հետապնդման զոհեր են
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդն այսօր տարածած հայտարարությամբ անդրադարձել է ՀԱԿ ակտիվիստներին 2-6 տարվա ազատազրկման դատապարտելու խնդրի: Հայտարարությունում ասվում է.



«Վարչախումբը շարունակում է քաղաքական ճնշումների եւ իրավապահ մարմինների կողմից իրականացրած բռնությունները խրախուսելու գործելաոճը: Թիրախ են դարձել Հայ Ազգային Կոնգրես քաղաքական միավորման ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գեւորգյանը, Դավիթ Քիրամիջյանը, որոնց դեմ գործի է դրվել ոստիկանա-դատական մամլիչ մեքե նան: Դատարանը ՀԱԿ ակտիվիստներին մեղավոր է ճանաչել մի արարքի համար, որը պետք է հասարակության յուրաքանչյուր անդամի իրավաչափ վարքագիծ համարվի` միջամտել եւ պաշտպանել իրավունքի խախտման զոհին, բռնել ապօրինություն անող յուրաքանչյուր ձեռք, եթե անգամ դա համազգեստավոր է:



Ակտիվիստների նկատմամբ կիրառել է մարտիմեկյան ռեպրեսիաների հիմնական գործիքներից մեկը` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հոդվածը, որը «հաջողությամբ» զբաղեցրել է քաղաքական ռեպրեսիաների մեկ այլ գործիքի` վարչական կալանքներ նախատեսող հոդվածների տեղը:



Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ անձին մեղավոր ճանաչելու պարտադիր նախապայմաններից է ոստիկանի կամ իշխանության այլ ներկայացուցչի կողմից օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման փաստի ապացուցումն է, այլ պարագայում մեղադրվողներն անմեղ են: Ինչպես մարտիմեկյան քաղբանտարկյալների, այնպես էլ ՀԱԿ ակտիվիստների պարագայում կայացված դատավճիռները հանրությանը չեն համոզել, որ բռնության ենթարկված ոստիկանները կատարելիս են եղել իրենց ծառայողական պարտականությունները:



Դատական համակարգը, գրեթե առանց բացառության, հաստատել եւ հաստատում է այն մեղադրանքները, որոնք ներկայացնում է ռեժիմը` կատարելով զուտ արարողակարգային դերակատարությունը:



«Հանրապետությունե կուսակցությունն արձանագրում է, որ



-ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ կայացված դատավճիռն ապօրինի է եւ դաժան, իսկ երիտասարդները քաղաքական հետապնդման զոհեր են,



-վարչախմբի էությունը մնացել է նույնն` ինչ 2001, 2003-2004, 2005, 2007 եւ 2008 թվականներին էր, երեւույթներին տրված` «մեկ քայլ առաջ», «դրական փոխոխություններ» եւ «բարեփոխումներ» գնահատականները բովանդակազուրկ արտաքին ձեւավորում են:



«Հանրապետություն» կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում ազատազրկման դատապարտված երիտասարդ ակտիվիստներին, հայտարարում է որդեգրած` իշխանափոխության հասնելու ուղուն իր հավատարմության մասին եւ կոչ է անում հանրությանը շարունակել պայքարը Հայաստանում օրինական եւ լեգիտիմ քաղաքական իշխանություն ձեւավորելու համար»: