Խաչիկ Գալստյանը հայրիկ է դարձել եւ այլ թեմաներով զրուցելու հավես չունի

Խաչիկ Գալստյանը հայրիկ է դարձել եւ այլ թեմաներով զրուցելու հավես չունի
Խաչիկ Գալստյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի պաշտոնից հրաժարական տալուց հետո շարունակում է մնալ կուսակցության անդամ: Թեեւ մեր աղբյուրները փոխանցում են, որ նա պաշտոնանկումից հետո չի այցելում կուսակցության գրասենյակ, սակայն երեկ մեզ հետ զրույցում Գալստյանը տեղեկացրեց, որ իր հրաժարականի հիմքում չկա որեւէ արտառոց բան, եւ որ իր եւ ԲՀԿ-ի հարաբերությունները շատ նորմալ են: Ըստ ամենայնի՝ նրան ինչ-որ բան խոստացել են, եւ նա դեռ հույս ունի, որ չի հայտնվելու Վարդան Բոստանջյանի կամ Արամ Սաֆարյանի կարգավիճակում: Գալստյանը նշեց, որ ինքն ընդամենը արձակուրդում է, որը խիստ անհրաժեշտ էր նախընտրական քարոզարշավի գերլարված վիճակից հետո: «Շուտով արձակուրդս վերջանում է, այդ ժամանակ թերեւս կորոշենք կուսակցության հետ մեր հետագա անելիքները»,-ասաց նա: Ի դեպ, հուլիսի 24-ին ծնվել է Խաչիկ Գալստյանի առաջնեկը՝ արու զավակ, ինչի առիթով նա բավականին բարձր տրամադրության մեջ էր եւ ասաց, որ այս օրերին այլ թեմաներով չի ուզում խոսել: