Ոչ միայն մարզական, այլ նաեւ` արվեստի ընտանիքներ

Ոչ միայն մարզական, այլ նաեւ` արվեստի ընտանիքներ
Արդեն մի քանի տարի շարունակ կազմակերպվող «Մարզական ընտանիքին» այս տարի եկավ լրացնելու եւս մեկը՝ «Արվեստի ընտանիքը», որի կազմակերպիչն է «Գաֆէսճեան արվեստի կենտրոնը», որտեղ էլ այսօր տեղի կունենա դեռեւս հուլիսի 7-ին մեկնարկած «Արվեստի ընտանիք» կրթական ծրագրի եզրափակիչ փուլը: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Գաֆէսճեան կենտրոնի» Հանրային կապերի եւ փիառ բաժնի տնօրեն Լիլիթ Սոխակյանը, ծրագրին մասնակցել են բոլոր այն ընտանիքները, ովքեր ցանկություն են հայտնել, մասնակցությունն անվճար է եղել ու առանց սահմանափակումների, մասնակից ընտանիքները պարզապես զանգահարել են եւ գրանցվել, «ընտանիքների հոսքը մեծ էր, բավականին ակտիվ էին, ծրագրին մասնակցել է մոտ 22-23 ընտանիք»:



Ծրագիրն անցկացվել է զուտ ինտելեկտուալ մակարդակով, մրցող ընտանիքները մասնակցել են խաղ-մրցաշարերի: «Գաֆէսճեան քանդակների պարտեզում իրենց մատուցվում էր նյութը, պատմվում էր, թե ինչ է ցուցադրված, ինչ արվեստանմուշներ են ներկայացված, իսկ հետո արդեն տվյալ մատուցված նյութի վերաբերյալ տրվում էին հարցեր, այսինքն՝ ընտանիքներին պարզապես պետք էր ուշադիր լինել, լսել զբոսավարի պատմածները եւ այնուհետեւ պատասխանել հարցերին: Ըստ էության, ընտանիքներին նախապես պատրաստվել պետք չէր ծրագրին մասնակցելու համար»,- ընդգծեց Լիլիթ Սոխակյանը:



Ծրագիրն անցկացվել է 7 փուլով, ամեն շաբաթ օր մասնակցել են 3-4 ընտանիքներ, եզրափակիչ փուլ են անցել 7 լավագույն ընտանիքներ, որոնցից հաղթող կճանաչվի առավելագույն միավորներ հավաքած ընտանիքը, որն էլ կստանա ընտանեկան անդամակցության քարտ: Դա նշանակում է, որ մեկ տարվա ընթացքում ամբողջ ընտանիքը կկարողանա անվճար այցելել «Գաֆէսճեան կենտրոնի» բոլոր ցուցադրություններին, կունենա 10 տոկոս զեղչի հնարավորություն՝ կազմակերպվող համերգներից եւ խանութ-սրահներից օգտվելու համար: Իսկ 2-րդ, 3-րդ տեղն զբաղեցրած ընտանիքները կստանան խրախուսական նվերներ:



Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է «Գաֆէսճեան կենտրոնի» կողմից: Թե որն էր այս ծրագիրը նախաձեռնելու առիթը, Սոխակյանը նշեց, որ նմանատիպ կրթական ծրագրեր դեռ 2009-ից են մեկնարկել «Գաֆէսճեան կենտրոնում». «Իսկ այն, որ այս տարի կազմակերպվեց ընտանիքների շրջանակում, առիթն ամառային արձակուրդներն էին, որի ժամանակ այդկերպ ցանկացանք ավելի խթանել կապն արվեստի հետ»: