Եռյակն ու ծաղրածուները

Եռյակն ու ծաղրածուները
Ինչպիսի՞ աշուն է մեզ սպասվում: Արդյո՞ք այն թեժ կլինի, թե՞ միապաղաղ ու կանխատեսելի: Դատելով քաղաքական ուժերի պասիվությունից, նոր զարգացումներ մեզ չեն սպասվում: Իսկ դա նշանակում է, որ նոր, հետաքրքիր թեկնածուներ, որոնք կցնցեն երկիրն ու իրական պայքար կծավալեն ՀՀ նախագահի աթոռի համար, չեն լինելու:



Նորից հիմնական մրցակցությունն ընթանալու է երեք նախագահների միջեւ, իսկ մյուսները, եթե առաջադրվեն, ապահովելու են շոուն, թատրոնը, ես կասեի՝ կրկեսը: Եվ դրա պատճառները պետք չէ փնտրել գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումների կամ գերտերությունների քաղաքական շահերի կոնտեքստում: Շատ ավելի պարզունակ է ամեն ինչ՝ հայերս որեւէ մեկի առաջընթացը ոչ միայն չենք խրախուսում, այլեւ չենք հանդուրժում: Արդյունքում՝ առաջ գնացողներ, հանրային զանգվածից առանձնացողներ, որպես կանոն, չկան: Ով փորձում է գլուխը փոքր-ինչ բարձրացնել, մենք միահամուռ հարձակվում ենք, ճնշում նախաձեռնությունը, մատնացույց անում անզգույշի թերությունները, բամբասում, վատաբանում եւ տեղը նստեցնում:



Այս երեքի լիդերությունն էլ պատմականորեն մեզ պարտադրված իրողություն է՝ մեզնից դուրս եւ մեր կողմից չկառավարվող: Ես բոլորովին չեմ զարմանա, եթե ոչ միայն 2013-ին, այլեւ 2018-ին էլ ընտրությունը նորից կատարվի այս եռյակի միջեւ: Նայեք ձեր շուրջ՝ նմանատիպ վերաբերմունք իրենց նախագահների նկատմամբ ո՞ր երկրներում է: Միայն բռնապետական վարչակարգեր ունեցող՝ Ռուսաստան, Ադրբեջան, Միջին Ասիա: Անգամ մեր հարեւան Վրաստանը հաղթահարել է նախկինից ժառանգություն մնացած «կուռքերին» վերընտրելու եւ իշխանությունը նույն անձանց շրջանակում պտտեցնելու արատավոր սովորույթը: Պատկերացնո՞ւմ եք, թե մեզ քանի հարյուր տարի է հարկավոր, որ կարողանանք հանդուրժել Սահակաշվիլու նման մեկին: