Մեկը մեկից վտանգավոր

Մեկը մեկից վտանգավոր
Ամենամեծ հանցանքը սեփական ազգի նկատմամբ, նրան ընտրելու իրավունքից զրկելն է, անայլընտրանք «ընտրություն» առաջարկելը: Եվ եթե այդ հանցանքի համար պետք է պատասխան տան բոլոր այն հղփացած չինովնիկներն ու կուսակցական գործիչները, որոնք ճնշումների, սպառնալիքների եւ այլ ապօրինի եղանակներով ստիպում են մարդկանց չառաջադրվել կամ կեսճանապարհին հրաժարվել պայքարից, ապա պակաս մեղավոր չեն նաեւ նրանք, ովքեր առաջադրվում են, ապա վախկոտ նապաստակների նման կեսից հանում իրենց թեկնածությունները:



Ընդ որում՝ հանելն էլ տարբեր է: Մեկն ասում է՝ ես ծեր մարդ եմ, մի ոտքս գերեզմանում, ինչպես Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանն ասաց, ով, հավանաբար, առաջադրվելու ժամանակ ընտրական փաստաթղթերը ներկայացնելիս հանկարծ բացել է իր անձնագիրն ու հայտնաբերել՝ «պահոոո, արդեն 60-ս լրացել է, մեռնելուս ժամանակն է»: Մյուսն ասում է՝ ինձ վրա ֆինանսական ու հոգեբանական ճնշումներ են գործադրել, ես այս մթնոլորտում չեմ կարող, թողեք գնամ տուն:



Գուցե չի կարելի մեղադրել մարդկանց, որ չեն դիմանում կեղտոտ մրցապայքարին, բայց ախր նույն վիճակն է բոլոր ոլորտներում ու հարցերում: Ամենուրեք մենք զիջում ենք, նահանջում բիրտ ուժի առաջ, քանի որ պայքարի ընդունակ չենք՝ խեղճ ենք, թույլ ու հարմարվող: Իսկ երբ դիմացինը դիմադրություն ցույց չի տալիս, հարձակվողների կաստան ավելի է ոգեւորվում: Սրանց թվում է՝ իրենք ճիշտ ճանապարհի վրա են, եթե այսպես շարունակեն, իրենց դեմ ընդհանրապես «խաղ չի լինի», ու բռնազավթած իշխանությունը կվայելեն էլի մի հարյուր տարի:



Դժվար է ասել՝ ճնշող-զավթողների խո՞ւմբն է ավելի վտանգավոր, թե՞ հարմարվողական-վախկոտներինը: Ամեն դեպքում, մինչեւ այս երկու խմբից չազատվենք, ազատ ընտրության մասին երազելն անգամ ավելորդ է: