Ատամների կրճտոց է լսվում

Ատամների կրճտոց է լսվում
Ալիեւյան ցինիզմն իր ժողովրդի ու Հարավային Կովկասի վրա թանկ է նստելու: Այն առնվազն մի տասը տարով հետաձգելու է այս տարածաշրջանում խաղաղություն հաստատելու, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը: Երեկ հայ հանրությունը փոթորկվել էր՝ մի մասը հայհոյում էր հունգարական իշխանություններին, մյուսները՝ ՀՀ իշխանություններին:



Անձամբ ես առավելապես «տպավորված եմ» Ադրբեջան պետության, նրա ղեկավարի, իշխանության, հասարակության մտածողությունից ու արարքից: Եզրակացությունը մեկն է՝ ալիեւյան վարչախումբն ավելի վտանգավոր է, ավելի լկտի ու անամոթ, քան մինչ օրս կարող էինք ենթադրել: Նաեւ միջազգային նորմերի, սկզբունքների ու հանրության վրա թքած ունի: Երեկ անգամ ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունն էր գրել, որ Ռամիլ Սաֆարովի ներման հրամանագիրն արձակվել է Սահմանադրության եւ օրենքի խախտմամբ եւ «բացասաբար կազդի Ադրբեջանի միջազգային վարկանիշի վրա»:



Երեկ արդեն, որպես կատարված փաստին արձագանք, Սերժ Սարգսյանը ՀՀ անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել եւ հայ հասարակության մեջ փոթորկվող հույզերն արտահայտել իր ոչ այնքան նախագահական ելույթում: Նշել է, որ իշխանությունը քայլեր է ձեռնարկում, որ մեր դիվանագիտական ներկայացուցչություններին համապատասխան հրահանգներ են տրված, որ քննարկվում է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները շարունակելու հարցը եւ այլն: Մի բան փաստ է, որ Սաֆարովի էքստրադիցիան մի օրվա գործ չէր, այն մոտ մեկ տարի նախապատրաստվել է, եւ այդ ողջ ընթացքում մեր իշխանությունը՝ իր դիվանագիտական ներկայացուցչություններով, տեղյակ չի եղել այս դավադրության մասին: Կնշանակի՝ վատ են աշխատում, տեղեկացված չեն, ազդեցություն չունեն: