Լեւոն Տեր-Պետրոսյանը մի բան գիտի…

Լեւոն Տեր-Պետրոսյանը մի բան գիտի…
Հայ ազգային կոնգրեսի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջեւ համագործակցության մասին ամիսներ շարունակվող տեղեկություններն ու քննարկումները անցած ուրբաթ առարկայացան: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը մասնակցեց Գլխավոր դատախազության շենքի դիմաց անցկացվող ամենշաբաթյա ակցիաներին, որոնց ընթացքում ՀԱԿ համակիրները պահանջում են դադարեցնել Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի եւ մյուս երիտասարդների նկատմամբ քաղաքական հետապնդումը:



Էլինար Վարդանյանը դեռ այդ ակցիայից օրեր առաջ էր հայտարարել, որ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ՀԱԿ-ի կողմից կազմակերպվող ակցիաներին մասնակցելու համար: ԲՀԿ պատգամավորուհին ոչ միայն մասնակցեց, այլեւ հենց Գլխավոր դատախազության շենքի առջեւ հայտարարեց, որ ՀԱԿ ակտիվիստներին նշանակված պատիժն ակնհայտ համարժեք չէ կատարված արարքին: Ակնհայտ է, որ Վարդանյանի մասնակցությունն այս ակցիային ոչ այնքան նորաթուխ պատգամավորի որոշումն է, որքան  քաղաքական քայլ է՝ թելադրված հարազատ կուսակցության կողմից: Ոմանք այն ընկալեցին որպես ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության նախերգանք՝ հետագա հնարավոր բոլոր զարգացումներով: Ինչ ակնկալիքներ ունեն ՀԱԿ-ականները եւ ինչպես են ընկալել ԲՀԿ-ի այս քայլը, զրուցեցինք ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի հետ:



- Պարոն Մակեյան, Դուք այն ՀԱԿ անդամների շարքերում էիք, որոնք չէին հավատում ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը: Հիմա ընդունո՞ւմ եք, որ սխալվել եք:



- Բայց ի՞նչ համագործակցություն է եղել, ես ուզում եմ հասկանալ, որ ընդունենք, թե մենք սխալվել ենք: Ես ոչ մեկ անգամ եմ ասել, որ տա Աստված՝ մենք սխալվենք, եւ ԲՀԿ-ն իր հնարավորություններով համագործակցի եւ ծառայի ժողովրդի հետագա շահերին: Բայց առարկայական համագործակցություն այդ մեկ աղջկա մեկ ելույթով, կարծում եմ՝ թյուր կարծիք է, եւ այդ համագործակցությունը կերեւա առաջիկա նախագահական ընտրություններին, թե ում կողքը կկանգնի ԲՀԿ-ն՝ ժողովրդի՞, թե՞…



- Դուք տեղեկություններ ունե՞ք, որ ՀԱԿ-ի հետ որեւէ համագործակցություն չի քննարկվել:



- Չէ, նման քննարկումներ վերջին ժամանակներում չեն եղել երբեւէ, եթե ԲՀԿ-ն իր հայտարարության տերն է լինելու գործի իմաստով, նորմալ է: Բայց ԲՀԿ-ն հայտարարում է մի բան, անում է մի բան: Մայիսի 6-ի ընտրություններին նրանք համատարած նույն տեմպով գնեցին ժողովրդին, ինչպես ՀՀԿ-ն արեց: Իհարկե, ՕԵԿ-ն էլ արեց, բայց ավելի քիչ, որովհետեւ այդ հնարավորությունները չուներ: Մարդիկ, որ գնվում էին, առաջին հերթին նախընտրում էին ԲՀԿ-ին, որովհետեւ ընդդիմադիր կեցվածք ուներ, հետո՝ ՀՀԿ-ին, որ փողը վերցնեն ու վատություն անեն, իսկ փչացած ՕԵԿ-ին նորից վերջին տարբերակով էին վերցնում: Հիմա ԲՀԿ-ն եթե այդ դաշտից դուրս է գալու եւ նորմալ դաշտ է մտնելու՝ ժողովրդին սպասարկելու համար, նորմալ է:



- Խորհրդարանական ընտրություններից հետո շատերը մեղադրեցին ՀԱԿ-ին՝ ԲՀԿ-ի հետ ընտրությունների վերահսկման նպատակով ստեղծված միասնական շտաբում համագործակցելու համար: Համարեցին, որ այդպիսով ՀԱԿ-ի ձայները փոշիացվեցին: Կարծում եք, որ ՀԱԿ-ն այսուհետ ե՞ւս ԲՀԿ-ի հետ առնչություն կունենա, եթե այո, ապա, ըստ Ձեզ, ինչու:



- Կարծում եմ՝ մեր տեսակետը կիսողները Կոնգրեսում շատ են, բայց որոշումն (ԲՀԿ-ի հետ համագործակցության առաջարկը՝  Լ. Շ.) ընդունվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից, առայժմ այդ որոշումն ուժի մեջ է մնում:



…Հիմա այլ փուլ ենք թեւակոխել՝ նախագահական ընտրությունների նախաշեմ, եւ միգուցե ԲՀԿ-ն իր քայլով փորձում է իր գինը բարձրացնել, եւ նորից քաղաքական համագործակցության այս ձեւին են անցնում: Տա աստված, որ մենք սխալվենք, բայց կարծում եմ, որ ԲՀԿ-ն չի կարող վարչախմբից դուրս լինել:



- Դա ՀԱԿ ղեկավարությունը չի՞ հասկանում: Ի դեպ, ՀԱԿ-ում շատե՞րն են հավատում, որ  ՀԱԿ-ԲՀԿ միասնական ընդդիմադիր թեկնածու կլինի:



- Դա ֆանտազիայի ոլորտից է, բայց չեմ բացառում, որ ինչ-ինչ քաղաքական զարգացումներից հետո դա հնարավոր լինի: Իսկ որ ասում են ՀԱԿ ղեկավարություն…, ես պետք է ասեմ, որ դա երկու հարթության մեջ պետք է նայել: Մեկը Լեւոն Տեր-Պետրոսյան, մյուսը՝ ֆորմալ առումով ՀԱԿ քաղաքական միավորները, որոնք թվում է՝ գործում են համատեղ, բայց անցած գարնանից հետո իրականում տարբեր հարթություններում են գործում (Տեր-Պետրոսյանի որոշումն էր իշխանության հետ երկխոսությունը, ԲՀԿ-ի հետ համագործակցությունը եւ այլն): Իհարկե, կուսակցությունների մի մասը լռակյաց ընդունում է առաջնորդի քաղաքականությունը:



- Իսկ Կոնգրեսում հարցերը չե՞ն քննարկվում, ի՞նչ հիմնավորումներ է Տեր-Պետրոսյանը ներկայացնում, եւ այն շերտը, որ լռակյաց ընդունում է նրա տեսակետը, ինչի՞ վրա է հիմնված այդ լավատեսությունը:



- Զուտ այն հաշվարկով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի բան գիտի…



- Առջեւում նախագահական ընտրություններ են, եւ շատ են խոսում՝ ՀԱԿ-ը սեփական թեկնածու ունենալու է, թե ոչ: Այս հարցն է՞լ է Տեր-Պետրոսյանը միայնակ որոշելու, թե՞, այնուամենայնիվ, քննարկումներ լինում են:



- Վերջին քաղխորհրդի նիստում քննարկվեց նման հարց օրակարգ մտցնելու համար, բայց որոշ կուսակցություններ առաջարկեցին լսել առաջին հերթին Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետը, նոր քննարկում ծավալել: Սպասվում է, որ առաջիկայում այդ տեսակետը կներկայացվի:



- Խոսվում է, որ նա չի պատրաստվում իր թեկնածությունն առաջարկել:



- Անշուշտ բարդ է… Մենք մնում ենք այն կարծիքին, որ Տեր-Պետրոսյանը 2008-ին սկսած գործընթացը պետք է ավարտին հասցնի հաղթական տեսքով, որովհետեւ մենք դրա հնարավորությունը տեսնում ենք: Մենք համոզված ենք, որ պահի հարց է բողոքավոր զանգվածին կրկին ոտքի հանել, մենք դրա նախադեպն ունենք 1996-ին: Ընդհանրապես պատմությունը նայելով համոզվում ես, որ ապատիայի ենթարկված, թվում է՝ անտարբեր, անողնաշար եւ դեմքը կորցրած հասարակությունը կարող է կարճ ժամանակում բոլորովին ուրիշ դեմքով հանդես  գալ, դա պետք է չբացառել նաեւ Հայաստանի պարագայում: