Էթիկայի հանձնաժողովը կքննարկի

Էթիկայի հանձնաժողովը կքննարկի

Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի նիստում կքննարկի քաղաքացի Վարդգես Գասպարիի դիմումը: Սա նույն ՀԱԿ համակիր Գասպարին է: Ըստ ԱԺ կայք-էջի, հարցի զեկուցողը Հայ ազգային կոնգրես խմբակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն է, ով ստանձնել է խորհրդարանի աշնանային նստաշրջանում հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Սա քաղաքացիներից ստացված՝ ԱԺ պատգամավորներին վերաբերող երրորդ դիմումի քննարկումն է: ԱԺ 3 պատգամավորներին վերաբերող՝ ՀՀ քաղաքացի Արթուր Զադոյանի եւ «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ-ի նախորդ երկու դիմումները հանձնաժողովը, օգոստոսի  31-ի նիստում մի քանի ժամ քննարկելով, որոշել էր մերժել: Նշենք, որ ՀԱԿ ակտիվիստ Գասպարին դեռեւս օգոստոսի վերջերին էր ԶԼՄ-ներին հայտնել, որ դիմել է ԱԺ էթիկայի հանձնաժողովին` խնդրելով քննել ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանի «վարքագիծը եւ կայացնել համապատասխան որոշում»: «Հայտնում եմ, որ ս.թ. հունիսի 21-ին, ժամը 09:35-ի սահմաններում, ՀՀ ԱԺ մուտքի մոտ (Դեմիրճյան փողոց) կանգնել էի՝ ձեռքիս ունենալով «Ռ. Հայրապետյան՝  Նեմեց, մարդասպան» կարգախոսը: Մինչ ժամը 10:00-ն որեւէ միջադեպ տեղի չէր ունեցել, մինչեւ ԱԺ եկավ պատգամավոր Ս. Ալեքսանյանը: Նա մոտեցավ, իմ ձեռքից հափշտակեց պաստառը եւ այն տարավ-հանձնեց մոտ 20 մետր հեռու կանգնած-խմբված անձանց (երեւի հանցագործության հետքերը տեղում չթողնելու համար): Միեւնույն ժամանակ ինձ մոտեցավ հիշատակված ջահելներից մեկը եւ փորձեց ինձ հետ ընդհարվել, քաշքշուկ ստեղծել: Դրա համար սկսեց ինձ դիմահար հրել դեպի հետ եւ շարունակեց հրել այնքան, մինչ ինձ տապալեց գետնին: Նշում եմ, որ ես ինչպես պատգամավոր Ալեքսանյանի, այնպես էլ նրան ընկերակցողի սադրիչ, խուլիգանական եւ բռնի գործողություններին բնավ չհակադրվեցի»,- էթիկայի հանձնաժողովին ուղղված դիմումում մասնավորապես գրել է Վ. Գասպարին:



Քաղաքացին նշել է նաեւ, որ կատարվածը ֆիքսել են որոշ լրատվամիջոցներ, մասնավորապես «Ա1+»-ը: Ըստ Գասպարիի՝ Ալեքսանյանն ակնհայտորեն ոտնահարել է իր արժանապատվությունը եւ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իր մի շարք իրավունքներ, մասնավորապես` խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու, իր կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության: