Քաղաքապետին ճնշե՞լ են, թե՞…

Քաղաքապետին ճնշե՞լ են, թե՞…
Կապանում ընտրություններն արդեն ավարտվել են` ՀՀԿ-ն իր թեկնածուին բարեհաջող նստեցրել է քաղաքապետի աթոռին, բայց  այլեւս նախկին քաղաքապետ, դաշնակցական Արտուր Աթայանը շարունակում է ահաբեկված մնալ: Ինչո՞ւ նա անձամբ չի ցանկանում պատասխանել մեր հարցերին: Փոխարենը հուզախառն պատասխան ենք լսում նրա օգնականից՝ Հասմիկ անունով: «Քաղաքապետը դեռ չի ցանկանում որեւէ լրագրողի հետ խոսել, դեռեւս պետք չէ, որ նա որեւէ բան ասի: Չի բացառվում, որ ցանկացած խոսք կրկին կսրի լարվածությունը համայնքում, եւ լուրջ բախումներ կառաջանան, ու նորից ճնշումներ կգործադրվեն  նրա եւ նրա կողմնակիցների նկատմամբ»,- ահաբեկված մեկնաբանում է Աթայանի օգնականը: Հասմիկին հիշեցրինք, որ ընտրություններն ավարտվել են. «Հիմա ինչո՞ւ պետք է ճնշեն»: «Այո, ավարտվել են, բայց այդ մթնոլորտը դեռ կա, եւ Աթայանը սպասում է ամեն ինչ հանդարտվի, նոր կխոսի»:



Ինչպես հայտնի է, Կապանի ՀՅԴ-ական նախկին քաղաքապետ Արտուր Աթայանը սեպտեմբերի 9-ին կայացած ընտրություններից օրեր առաջ հրաժարվեց պայքարից եւ ինքնաբացարկ ներկայացրեց: Նա քաղաքական հայտարարությամբ հանդես եկավ եւ պատճառաբանեց, որ ինքը եւ իր կողքին կանգնած մարդիկ ենթարկվում են հոգեբանական, ֆինանսական ճնշումների: Մեր աղբյուրներն ասում են, որ իրականում նախկին քաղաքապետին ճնշել են իր բիզնեսի եւ ազգուտակի դեմ հարկային եւ այլ ստուգումներ ձեռնարկելու սպառնալիքներով: Փաստորեն, այնքան էլ ճիշտ չեն Աթայանի պնդումները, թե հանուն կապանցիների է գնացել այդ քայլին, որովհետեւ չի ցանկացել վտանգի տակ դնել մարզկենտրոնի բարոյահոգեբանական մթնոլորտն ու միջանձնային հարաբերությունները:



Պարզվում է՝ Աթայանը Կապանում խանութներ եւ այլ բիզնես ունի, ու  նախընտրական շրջանում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրահրմամբ հարկային մարմիններն աշխատել են դրանց ուղղությամբ: ՀՅԴ-ական նախկին քաղաքապետին ըստ էության հասկացրել են՝ եթե ուզում ես ապրել, աշխատել Սյունիքում, ուզում ես ազգուտակդ «դադարգյուն» չլինի, հանգստացի եւ պոստդ զիջի մարզպետի հովանավորյալին՝ ՀՀԿ թեկնածուին: Աթայանն էլ, վախենալով ՀՀԿ-ական հեռուն գնացող նկրտումներից եւ նախազգալով դրանց ռեալ վտանգը, որոշում է կայացրել «լավով» հեռանալ: «Ես չեմ ուզում, որ իմ պատճառով տուժեն իմ ընկերներն ու համախոհները: Ես չեմ կարող թույլ տալ, որ իմ ծննդավայրում հաստատվեն թշնամանքն ու դավաճանությունը: Համոզված եմ,որ հազարավոր կապանցիներ համամիտ են ինձ հետ ու չեն մեղադրի  ինձ»,- ինքնաբացարկի առիթով ասել էր նախկին քաղաքապետ Աթայանը, ինչն ավելի է զայրացրել Սուրեն Խաչատրյանին, ինչով էլ, հավանաբար, պայմանավորված է Աթայանի ներկայիս լռությունը:



Իսկ սեպտեմբերի 9-ից Կապանում այլեւս քաղաքապետ է Աշոտ Հայրապետյանը:



ՀԳ - Հիշեցնենք, որ այս ողջ պատմության ընթացքում ՀՅԴ-ն էլ շատ ջանք չի թափել իր քաղաքապետի համար: Նախ՝ որովհետեւ ընդհանրապես լուրջ ջանք չթափեց այս ՏԻՄ ընտրություններում, ապա՝ քանի որ որոշակի դժգոհություններ է ունեցել նրանից: Այս իրավիճակից կարելի է եզրակացնել, որ բոլոր քաղաքական ուժերը մի տեսակ պարտվողի հոգեբանություն են որդեգրել եւ ասպարեզը զիջել են ՀՀԿ-ԲՀԿ-ին: Կապանում, ըստ էության, կատարվեց այն, ինչ ողջ հանրապետությունում՝ Հանրապետականը տոտալ վերցրեց իշխանությունը: