Հեմինգուեյի մեծ սերը

Հեմինգուեյի մեծ սերը
Ամերիկացի նշանավոր գրող, Նոբելյան մրցանակակիր Էռնեստ Հեմինգուեյը զգայուն եւ ռոմանտիկ ներաշխարհ է ունեցել, հատկապես պատանեկան տարիքում: Հենց դա է եղել պատճառը, որ նա այնպես ուժգին է սիրահարվել իրեն բուժող բուժքրոջը, որ նրանից բաժանվելուց հետո քիչ է մնացել ինքնասպանություն գործի: Հեմինգուեյի ամենամեծ սերը՝ Ագնեսա ֆոն Կուրովսկի: Ինչպես սկսվեց պատմությունը:



Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայրենասիրական հովերով տարված, արյունը երակներում եռացող պատանուն պատերազմը «կռիվ-կռիվ» խաղ էր թվում, ու նա, ծնողներին դեմ գնալով, կամավոր մեկնում է ռազմաճակատ: Մի քանի շաբաթ անց ծանր վիրավորվելուց հետո աչքերը բացում է արդեն Իտալիայի զինվորական հոսպիտալներից մեկում ու գլխավերեւում տեսնում չքնաղ Ագնեսային: Ագնեսան Հեմինգուեյից մեծ էր 7 տարով: Նա կրակոտ, բռնկուն ու ազատ աղջիկ էր, մշտապես շրջապատված տղամարդկանցով ու առողջ սեքսի բնազդով ցանկանում էր վայելել կյանքն ու ապրել առանց պատասխանատվության զգացումի:



Հեմինգուեյի սիրտը չափազանց փխրուն էր նրա համար: 18-ամյա Հեմինգուեյը չէր դիմանում Ագնեսայի «խաղերին», նա խանդից մեռնում էր, բղավում, գոռում, իրեն կորցնում կամ էլ խելոքանում ու խնդրում-աղաչում, որ Ագնեսան իր կինը դառնա: Սակայն քմահաճ բուժքույրը միայն մերժում էր սիրահարված պատանուն: Հեմինգուեյն ապաքինվելուց հետո վերադառնում է Ամերիկա ու շարունակում կարոտած նամակներ ուղարկել իր սիրելիին, սակայն կրկին մերժում է ստանում: Երիտասարդը քիչ է մնում ինքնասպանություն գործի: Գեղեցկադեմ գրողի կյանքում հետագայում շատ կանայք հայտնվեցին, սակայն մտերիմները հավաստիացնում են, որ նա ոչ մեկին չի սիրել այնպես ուժգին, ինչպես Ագնեսային: