Նորից քրեական մեթոդներով

Նորից քրեական մեթոդներով
Շաբաթներ առաջ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ իր թեկնածությունն է առաջադրելու թիվ 1 ընտրատարածքում, սակայն երեկ լուրեր տարածվեցին, թե Հմայակը փոշմանել է եւ չի առաջադրվի: Իսկ դրա համար նա մի  քանի պատճառներ ունի, որոնց մասին երեկ հաղորդել է մեր լրագրողին:



 



Ըստ Հովհաննիսյանի, նախ ինքն ԱԺ-ից եւ ԱԺ գործունեությունից հիասթափվել է Վարդան Օսկանյանի հետ կատարվածից հետո եւ   ցանկություն չունի այնտեղ աշխատելու: Բացի դրանից, իշխանությունները «բիրտ ճնշումներ» են սկսել ՀՔՄ-ի դեմ հարուցված երեք գործով՝ երկու քաղաքացիական եւ մեկ քրեական: «Այդ գործընթացները դադարեցվել էին եւ վերսկսվեցին մեծ թափով այն բանից հետո, երբ ես հայտարարեցի իմ առաջադրվելու մտադրության մասին: Մասնավորապես, քրգործով քննիչն ինձ փորձում էր համոզել ցուցմունքներ տալու, որպեսզի առերեսումներ սկսի՝ նպատակ հետապնդելով ինձ հերթական քաշքշուկների մեջ գցել»,- ասել է Հովհաննիսյանն իր գրասենյակի հայտնի դատական քաշքշուկի մասին՝ հավելելով, որ ինքը հրաժարվել է, առաջարկելով գործին կցել հայտնի տեսահոլովակի բնօրինակը:



 



Իսկ հնարավո՞ր է իրեն վախեցրած լինի այն հանգամանքը, որ թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրելու է քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդու թեկնածությունը, ՀՔՄ նախագահը չի համաձայնել՝ հավելելով, որ չառաջադրման որոշումն էլ դեռ վերջնական չէ: «Ես եմ ուզում չառաջադրվել, բայց գուցե ՀՔՄ-ն քննարկի եւ որոշի, որ ես առաջադրվեմ, այնպես որ, 10 օր դեռ ժամանակ ունեմ»,- ասել է նա: