Դոկտոր Ֆեդերիկո Ֆաջինը հանդիպել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ

Դոկտոր Ֆեդերիկո Ֆաջինը հանդիպել է ՏՏ ոլորտի  ներկայացուցիչների հետ
«Վիվասել-ՄՏՍ»` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերության գլխամասային գրասենյակում հյուրընկալված Synaptics ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո եւ Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը հանդիպել է ՏՏ ոլորտի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ եւ հանդես է եկել ինֆորմատիկայի ապագայի մասին դասախոսությամբ:



 



Դոկտոր Ֆաջինը  Հայաստան է ժամանել  ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի 2012թ. մրցանակը (Համաշխարհային ՏՏ մրցանակը) ստանալու համար, եւ այցի շրջանակներում տեղի կունենա նախագահի մրցանակի հանձնման արարողությունը:



 



««Վիվասել-ՄՏՍ»-ն աջակցում է «Համաշխարհային ՏՏ մրցանակ» նախաձեռնությանը` այս ոլորտում այն հրաշալի գործիք համարելով բարձր վարկանիշ ունեցող Հայաստանը աշխարհի ՏՏ քարտեզում դիրքավորելու համար: Հայաստանը հսկայական չիրացված ներուժ ունի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ինչի ճիշտ ուղղորդումը կարող է նպաստել մեր երկրի տնտեսական աճի արձանագրմանը»,-նշել է «Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



 



«Վստահ եմ, որ տարիներ անց մենք կարձանագրենք, որ այս մրցանակաբաշխության արդյունքում համաշխարհային գիտակրթական եւ բիզնես միջավայրի ամենալուսավոր եւ հեղինակավոր մարդիկ, դառնալով մրցանակակիր, եկել են Հայաստան` իրենց հետ բերելով բարձրագույն տեխնոլոգիաների ժամանակակից մշակույթ, եւ ամբողջ աշխարհում կբարձրացնեն մեր պետության իմիջն ու ճանաչելիությունը՝ որպես գիտելիքին եւ ինտելեկտին ապավինող երկիր»,- ասել է մրցանակաբաշխության Գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը: Համաշխարհային ՏՏ մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է այդ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի: Այս մրցանակաբաշխությամբ Հայաստանն ընդգծում է համաշխարհային ՏՏ միջավայրում զարգացող կենտրոն լինելու իր հավակնությունը:



 



Դոկտոր Ֆաջինը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի երրորդ դափնեկիրն է: Նախկին դափնեկիրները` «Ինտել» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն/տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարետը եւ «Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից մրցանակով են պարգեւատրվել, համապատասխանաբար, 2010 եւ 2011 թթ.-ին:



 



Մրցանակաբաշխության ծրագիրն իրականացնում են ՀՀ նախագահի կողմից նշանակված մրցանակաբաշխության կոմիտեն եւ միջազգային ընտրող հանձնաժողովը: Մրցանակը բաղկացած է Հայաստանը եւ տեղեկատվական տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե մեդալից, դիպլոմից եւ հուշախորհրդանիշից: Մրցանակը ֆինանսավորել է «Վիվասել-ՄՏՍ» ընկերությունը: