Սիրիահայերն այնքան են շատացել, որ նույնիսկ պարսիկներն են բողոքում

Սիրիահայերն այնքան են շատացել, որ նույնիսկ պարսիկներն են բողոքում
Տրանսպորտային թեման իմը չէ: Ես վիրտուալ տարածության այն հեղինակներից չեմ, ովքեր իրենց պարտքն են համարում անպայման մեկ-երկու գլուխգործոց գրել «մառշռուտկեքի» կամ այլ քրտնած իրավիճակների մասին: Թերեւս, եթե չհաշվենք «Աղացած մսով խորտիկներ» պատմվածքը, որտեղ երթուղայինների մրցարշավներ էին անցկացվում… Շեղվեցի:



 



Ի՞նչ էի ուզում ասել:



 



Ասում են` սիրիահայերն այնքան են շատացել, որ նույնիսկ պարսիկներն են բողոքում:



 



Այսօր ցուրտ էր: Իմ սիրելի համարի տաք ավտոբուսը կանգառում է լինում ուղիղ 20:20: Ես սպասում էի ու զգում, որ ստորին վերջույթներս սառցակալում են, իսկ քիթս սահմանում է կարմրության նոր համաշխարհային ռեկորդ: Ավտոբուսն ուշանում էր արդեն կես ժամ: Ու հենց այդ պահին էլ հայտնվեց սիրիահայը: Մոտ հիսուն տարեկան մարդ էր, ինչպես հետո պատմեց` ատամնաբույժ:



 



- Ուշանում է,-ասաց նա ձայնի նյարդային տոնով:



 



- Ահա,-աացի` զգալով չսպասված զրուցակցիս արեւմտահայ առոգանությունը,-փորձված բան կա,-շարունակեցի` հանելով սիգարետս,-հենց որոշում ես ծխել` ավտոբուսը գալիս է:



 



Ուզում է մեջբերել «закон подлости» արտահայտությունը, բայց հիշեցի, որ սիրիահայերը ռուսերեն չգիտեն:



 



- Ճիշտ ես,-ուրախացավ ատամնաբույժը,-ես էլ եմ նկատել:



 



Ինքն էլ իր սիգարետը վառեց: Սիգարետը տեղական էր: Հավանաբար, նրան հաճելի ու հետաքրքիր է ծխել տեղական սիգարետները: Նույնիսկ սիգարետները հայրենիք ունեն: Սկսեցինք խոսել դեսից-դենից, մոտ երկու րոպե: Ու երեւաց ավտոբուսը:



 



- Հահաաա,-ուրախացանք մենք,-փորձված բան ա ախր:



 



Մենք գցել էինք սիգարետներն ու պատրաստվել ավտոբուս նստելուն, երբ տեսանք, որ մեր ուզած համարը չէ:



 



- 1:0, աս ավտոբուսը մեզի հաղթեց,-ասաց սիրիահայը:



 



Մենք տխրեցինք: Էլի սկսեցինք խոսել դեսից-դենից: Պարզվեց, որ ատամնաբույժն իսկական պոլիգլոտ է` տիրապետում է հինգ լեզուների եւ արաբերենի հիանալի մասնագետ է, կարողանում է խոսել տարբեր բարբառներով եւ ոճերով (ով չգիտի` արեւելագետ եմ ես, այս թեման ինձ հետաքրիր է): Մենք էլ չնկատեցինք, թե ինչպես էլի հանեցինք սիգարետներն ու էլի ծխեցինք:



 



- Այ եթե հիմա փոշմանենք ու գնանք էս կանգառից,-ասում էի ես,-հենց հետեւներիցս կգա մեր ավտոբուսը:



 



Սիրիահայն ասում էր, որ իր հետ էլ է նույն բանը կատարվում: Մենք արդեն ծխել էինք գլանակների կեսը, երբ նորից ավտոբուս երեւաց: Սպասեցինք մինչ այն կմոտենար: Մեր համարն էր: Թեթեւ ափսոսանքով հանգցրինք սիգարետները: Ի՞նչ ծխելու մասին է խոսքը, երբ հոգնած ես ու տուն ես շտապում:



 



- 1:1,-ասացի ես,-էս անգամ հաղթեցին սիգարետները:



 



- Փորձված բան է,-ասաց նոր ծանոթս:



 



Ճանապարհին էլի խոսեցինք դեսից-դենից: Պարզվեց, որ գրեթե հարեւաններ ենք, որ ինքը Հալեպ քաղաքից է եւ այլն, եւ այլն...



 



Ասածս ի՞նչ կցուցանե:



 



Կցուցանե, որ Հայաստանից դուրս էլ մարդիկ (նույնիսկ հայերը) էլի նման են մեզ` իրենց սնահավատությամբ ու կենցաղային իմաստության բոլոր նրբություններով, ու թող ոչ ոք չբողոքի նոր մարդկանց հայտնվելուց, ու թող ավտոբուսները միշտ ճշգրիտ աշխատեն, ու թող ձմեռն էլ մի քիչ տաք լինի: Ու ամենակարեւորը` ջՈՍՏվ տՏՊսՏրՑՌ ՉրպչՊՈ ՐՈոՏՑՈպՑ!!!



 



Վահե ՂՈՒԿԱՍՅԱՆ