Ընտրություն կոչվող միջոցառումը առանց մեզ էլ կկայանա

Ընտրություն կոչվող միջոցառումը առանց մեզ էլ կկայանա
Հարցազրույց «Empyray» ռոք խմբի մենակատար Սարգիս Մանուկյանի հետ



-Սարգիս, մի քանի օրից նախագահական ընտրություններ են, ինչքանո՞վ եք հետեւում թեկնածուների նախընտրական քարոզարշավներին եւ ի՞նչ կարծիք ունեք այդ ամենի մասին:



 



- Վատ թատրոն է բեմադրված, հիմնական դերակատարները լավ չեն խաղում, եւ արդեն զավեշտի է վերածվում այս ամեն ինչը: Կարծում եմ՝ ավելի լավ տարբերակ կլիներ, որ այս զավեշտի փոխարեն կանխատեսելի արդյունք լիներ, քան այդքան զավեշտից հետո լիներ այդ կանխատեսելի արդյունքը, որովհետեւ դա միայն վնասելու է այն մարդուն, ով հաջորդ նախագահն է լինելու, եւ այն իրադարձությունները, որոնք նախորդում են, ստվեր են գցում այդ հաղթանակի վրա, որովհետեւ այս ամբողջ նախընտրական պրոցեսը զավեշտ է: Հենց ի սկզբանե անտարբերություն կար ընդհանուր այս պրոցեսի հանդեպ, ավելի լավ էր այս զավեշտի փոխարեն մի քիչ ավելի լուրջ քաղաքական տեխնոլոգիաներ օգտագործեին... թե չէ դիմում եմ-չեմ դիմում, հետաձգում եմ-չեմ հետաձգում, ես ավելի շատ ընդդիմադիր եմ, քան դու... արդյունքում բոլորն էլ խաղում են նույն խաղը:



 



- Իսկ թեկնածուներից որեւէ մեկի մեջ տեսնո՞ւմ եք այդ ընդդիմադիր կեցվածքը:



 



- Ես տեսնում եմ իշխանական թեկնածու, կոնկրետ ընդգծված քաղաքական թիմ, երբ պարզ է, թե ինչ թիմով է այդ մարդը մասնակցում այս պրոցեսին: Մյուս թեկնածուն, որտեղ ես տեսնում եմ ասելիք, ծրագրեր` դա Հրանտ Բագրատյանն է, բայց որը, ցավոք սրտի, այս պահին ինչ մարտավարություն եւ նախընտրական քարոզչություն էլ անի, մեր հասարակության համար չէ: Մնացածը, Րաֆֆի Հովհաննիսյանից բացի, այն թեկնածուներն են, որ հինգ տարին մեկ հայտնվում են, ու երեւի անգամ իրենց տնեցիք իրենց ձայն չեն տալիս:



 



- Ինքներդ ընտրության հարցում արդեն կողմնորոշվե՞լ եք:



 



- Այս նախընտրական պրոցեսներն ինձ չեն հետաքրքրում եւ ընտրություններին էլ չեմ մասնակցելու: Ընդհանրապես թեկնածուն պիտի կարողանա ժողովրդի հետ խոսել այն լեզվով, որ ժողովրդի համար ավելի հասանելի լինի: Բայց այս իշխանության դեպքում այդ ամեն ինչը դառնում է երկրորդական, որովհետեւ կարեւոր չի՝ դու ծրագիր ունես, թե ոչ, կարեւոր չի՝ ժողովրդի հետ կարողանում ես խոսել, թե ոչ, փաստն այն է, որ այս ամենը կոմեդիայի է վերածվում, որովհետեւ հասարակության անտարբերությունը ջարդելու համար տարբեր միջոցներ օգտագործվեցին, որոնք հակառակ էֆեկտն ունեցան: Մարդիկ նույնիսկ սոցիալական ցանցերում այս պրոցեսները տարբեր ածականներով են բնորոշում: Ամեն ինչ շատ անլուրջ է, եւ դա հանգեցնելու է նրան, որ վնաս է տալու ոչ թե այդ մարդուն կամ թիմին, այլ առաջին հերթին մեր պետականությանը, որովհետեւ դա ստվերում է այդ ամբողջ պրոցեսը: Կարծում եմ՝ դրսում արդեն լուրջ չեն վերաբերվում թե մեր նախագահական ընտրություններին եւ թե դրա արդյունքում ձեւավորված իրականությանը:



 



- Այսինքն ընտրություններին չեք մասնակցի, որովհետեւ ստեղծված իրավիճակն ավելի քան անլուրջ է Ձեզ համար:



 



- Քանի որ ես վաղուց արդեն չեմ հավատում, որ մեզ մոտ ընտրություն ասված պրոցեսը գործում է, դրա համար չեմ մասնակցի: Դա մի պետական միջոցառում է, որը հինգ տարին մեկ անցկացվում է, իսկ միջոցառումը առանց մեզ էլ կկայանա: Կարծում եմ՝ կգտնվի մարդկային ռեսուրս, որն այդ միջոցառմանը կմասնակցի, եւ որի անունը հետո կդնեն ընտրություններ: